Կառավարությունը որպես նվիրատվություն ընդունեց Մաքսային պետական կոմիտեի, ներկայիս՝ Պետական եկամուտների կոմիտեի, նախկին նախագահ Արմեն Ավետիսյանին (պաշտոնավարել է 2001-2008 թվականներին) պատկանող «Գոլդեն Փելիս» հյուրանոցը։
Ծաղկաձորում գտնվող հյուրանոցի՝ 19 758 քառակուսի մետր մակերեսով շենք-շինությունների, հյուրանոցի սպասարկման համար հատկացված 1.38 հեկտար մակերեսով հողամասի և գույքի շուկայական արեժեքը (հունիսի դրությամբ) գնահատվել է 7 միլիարդ 535 միլիոն դրամ, այսինքն՝ շուրջ 15․8 միլիոն դոլար։
Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնեց կառավարությանը, որ «Գոլդեն Փելիս» հյուրանոց» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Ա. Ավետիսյանը դիմել է իրենց և տեղեկացրել, որ ցանկանում է պետությանը նվիրել հյուրանոցային համալիրի շենք-շինությունները և դրանցում առկա շարժական գույքը։
Հյուրանոցն այժմ ամրացվելու է Պետական գույքի կառավարման կոմիտեին՝ հետագայում պետության կարիքների համար շահագործելու նպատակով։ Կոմիտեի նախագահը հայտնեց, որ հյուրանոցը գնելու համար կոմիտեն արդեն իսկ դիմումներ է ստացել։
Հյուրանոցի պահպանության աշխատանքների կազմակերպումը ժամանակավորապես՝ մինչև Կառավարությունը որոշում ընդունի հյուրանոցի հետագա տնօրինման վերաբերյալ, վերապահվելու է ոստիկանությանը։ Բաբայանի փոխանցմամբ, ամսական հյուրանոցի պահպանման ծախսերը հոգալու համար ոստիկանությանը կհատկացվի 6,5 միլիոն դրամ։
Հիշեցնենք, որ Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գումարներն օրինականացնելու դեպքի առթիվ 2018 թվականի հոկտեմբերին քրեական գործ էր հարուցվել ԱԱԾ֊ի քննչական վարչության կողմից։
Քրգործը վերաբերում էր Երևանի Ազատության պողոտայում գտնվող «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրի կառուցումը։