Կառավարության որոշմամբ, հոկտեմբերի 1-ից կբարձրանան անտառապահների, անտառապետերի և փրկարարական ծառայողների աշխատավարձերը։
Մոտ 44 միլիոն դրամ հատկացվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 19 անտառտնտեսությունների աշխատակիցների անվանական աշխատավարձերի բարձրացմանը։ Որոշումը՝ Շրջակա միջավայրի նախարարության առաջարկով, այսօրվա նիստի ժամանակ կայացրել է Կառավարությունը։ Արդյունքում, հոկտեմբերի 1-ից անտառապետերի և անտառապահների աշխատավարձը կբարձրանա ամսական 20000-ական դրամով։
Եվս 1 միլիարդ 903 միլիոն դրամ հատկացվել է փրկարարական ծառայողների լրացուցիչ հավելավճարների համար։ Փրկարարներին հավելավճարներ կտրամադրվեն հոկտեմբերի 1-ից սկսած։
Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի խոսքով, այդ գումարի շրջանակներում շարքային փրկարարների աշխատավարձը կդառնա 130 հազար դրամ՝ նախկին 85 հազար դրամի փոխարեն։
«Հատուկ պայմաններում ծառայություն կատարող փրկարարական ծառայության կրտսեր խմբի ծառայողների (մաքուր) աշխատավարձերը 85.000-ից 90.000 դրամի սահմաններում են, ինչը, գտնում ենք, որ համարժեք չէ այն աշխատանքին, ինչն ամեն օր իրականացվում է նշված խմբի ծառայողների կողմից»,- Կառավարությանը հայտնել էր ԱԻՆ-ը։
Փրկարարական ծառայողներին հավելումներ տրվում են միայն բարձր լեռնային վայրերում ծառայելու դեպքում, իսկ արտաժամյա, գիշերային ժամերին, հանգստյան, տոնական օրերին աշխատանքի համար, ինչպես նաև ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներ կատարելու համար հավելումներ չեն տրվում: Կառավարության այսօրվա որոշման շրջանակներում հավելումներ կսահմանվեն նաև այդ դեպքերի համար։