Արարատի մարզպետարանի դիմաց առավոտվանից հավաքված Նորաշեն համայնքի բնաիչների մի մասը բողոքում է մարզպետ Գարիկ Սարգսյանի որոշման դեմ, որով կասեցվել են Նորաշենի արդեն նախկին համայնքապետ Նորայր Գրիգորյանի լիազորությունները, հավաքվածների մյուս մասը, հակառակը, եկել է մարզպետարանի մոտ՝ աջակցելու մարզպետի որոշմանը։ Հակընդդեմ ցույցերի մասնակիցների միջև տեղի ունեցած վիճաբանության և քաշքշուկի հետևանքով մի քանի քաղաքացի, այդ թվում՝ Նորաշենի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Հարությունյանը, բերման են ենթարկվել։
Նախկին համայնքապետի աջակիցները բողոքի ցույց էին անում նաև երեկ։ Նորայր Գրիգորյանը ցույցի ժամանակ հայտարարել էր, որ իր լիզորությունների դադարեցման մասին որոշումը կայացվել է, երբ ինքը արձակուրդում է եղել, որոշման մասին մարզպետարանից իրեն չեն ծանուցել, լիազորությունների կասեցման մասին իմացել է համայնքապետարանի պահակից՝ հետին թվով։
Գրիգորյանը պահանջել է ներկայացնել ավագանու նիստի արձանագրությունը, որի հիման վրա Տարածքային զարգացման նախարարությունը դադարեցրել է իր լիազորությունները՝ նշելով, որ ավագանու 8 անդամներից միայն 4-ն են, որ իր դեմ են քվեարկել:
«Չկա ավագանու նիստի արձանագրություն, որտեղ լինի 5 հոգու ստորագրություն: Իսկ եթե չկա 5 հոգու ստորագրություն, ցանկացած արձանագրություն իրավազոր չէ»,- ասել է Գրիգորյանը՝ ընդգծելով, որ մարզպետի որոշումը անօրինական է համարում:
Մարզպետի որոշմամբ գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արտակ Հարությունյանը: Երեկվա բողոքի ցույցի ժամանակ վերջինս նշել էր. «Մարզպետն իրավունք չունի դադարեցնելու համայնքապետի լիազորությունները, դա արել է կառավարությունը՝ տարածքային կառավարման նախարարությունը: Մարզպետն ընդամենը այդ որոշման հիման վրա նշանակել է ժամանակավոր պաշտոնակատար: Ավագանին ընտրված մարմինն է եւ իր որոշումն է կայացրել: Այստեղ մարզպետը կապ չունի: Ամեն ինչ արվել է օրենքին համապատասխան: Երկու ամսից նորաշենցին իր ընտրությունը կատարելու է, ինչի՞ց եք վախենում»:
Երեկվա բողոքի ցույցից հետո նախկին համայնքապետը՝ համայնքապետարանի երկու ներկայացուցիչների հետ միասին, գնացել էր մարզպետի հետ հանդիպման։ Հանդիպումից հետո որոշվել էր նույն պահանջով այսօր հավաքվել ոչ թե Նորաշենում, այլ՝ արդեն Արարատի մարզպետարանի մոտ։ Այսօրվա ցույցին Նորայր Գրիգորյանի աջակիցները պահանջում էին վերականգնել վերջինիս համայնքապետի պաշտոնում կամ Արտակ Հարությունյանի փոխարեն (մինչև նոր ընտրությունների անցկացումը) ժամանակավոր պաշտոնաատար նշանակել Միսակ Ստեփանյանին։