Պաղեստինյան «Իսլամական ջիհադ» ռադիկալ խմբավորումն ու Իսրայելը համաձայնության են եկել հրթիռակոծությունների դադարեցման հետ կապված։ Տեղեկատվությունը հաստատվել է թե Իսրայելի Պաշտպանության բանակի, թե իսլամիստների ներկայացուցչի կողմից։
Զինադադարը հաստատվել է Եգիպտոսի միջնորդությամբ։ Պայմանավորվածության համաձայն, պաղեստինյան բոլոր խմբավորումները վերականգնում են խաղաղ վիճակը Գազայի շրջանի ցույցերի ժամանակ։ Իսրայելն իր հերթին պարտավորվում է դադարեցնել ռազմական գործողությունները Պաղեստինյան ավտոնոմիայի «վերադարձի երթերի» ժամանակ։
Իսրայելա֊պաղեստինյան հարաբերությունները սրվել էին նոյեմբերի 12-ին, երբ Իսրայելական ուժերը հրթիռային հարձակման արդյունքում սպանել էին «Իսլամական ջիհադ» խմբավորման առաջնորդներից մեկին։ Ի պատասխան, Պաղեստինը շուրջ 400 հրթիռ էր արձակել Իսրայելի ուղղությամբ, որոնց մեծ մասը հաջողվել էր որսալ «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության սարքավորման միջոցով։
Այս գործողությունների արդյունքում Իսրայելում բժշկական օգնություն ստանալու համար դիմել է մոտ 80 քաղաքացի։ Գազայի Առողջապահության նախարարության տվյալներով, զոհվել է 34 պաղեստինցի, այդ թվում՝ 8 անչափահաս, վիրավորվել է շուրջ 100 մարդ։
«Վերադարձի մեծ երթ» անվանումը ստացած հակաիսրայելական բողոքի ակցիան Գազայում սկսվել է 2018-ի գարնանը։ Ակցիայի կազմակերպիչների խոսքով, իրենց նպատակն է ուշադրություն հրավիրել այն պաղեստինցիների ճակատագրերի վրա, ովքեր չեն կարողանում վերադառնալ իրենց նախնիների բնակավայրեր, որոնք 70 տարի առաջ Իսրայելի տիրապետության տակ են անցել։