2017 թվականի հոկտեմբերին սպանված մալթացի լրագրող Դաֆնա Կարուանա Գալիցիայի ընտանիքը դիմել է Եվրոպոլ, պահանջելով քննիչներին, դատավորներին ու դատախազներին անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրել Մալթայի և Ադրբեջանի միջև Միացյալ Արաբական Էմիրությունների միջոցով փողերի լվացման հետ կապված։
«Մեր մոր կողմից՝ Մալթայի վարչապետ Ժեզեֆ Մուսկատի ադմինիստրացիայի ղեկավար Քեյթ Շեմբրիի ֆինանսական հանցագործությունների բացահայտումից երեք տարի և սպանությունից երկու տարի անց, Շեմբրին հրաժարական տվեց։ Այժմ մենք Մալթայի իշխանություններից պահանջում ենք քրեական հետապնդում սկսել Շեմբրիի նկատմամբ՝ նրա մեծամասշտաբ ու երկարատև հանցավոր գործունեության համար», – ասվում է լրագրողի ընտանիքի պրես֊ռելիզում։
«Պանամյան գործով» զբաղվող 56-ամյա Դաֆնա Կարուանա Գալիցիան սպանվել է 2017 թվականի հոկտեմբերի 16-ին՝ իր տան մոտ կայանված մեքենայի պայթյունի արդյունքում։ Նա բազմիցս քննադատել է Մալթայի իշխանություններին և զբաղվել է նրանց՝ Պանամյան օֆշորների հետ կապերի ուսումնասիրմամբ։
Գալիցիայի վերջին հետազոտությունը վերաբերում էր Մալթայի վարչապետ Ժոզեֆ Մուսկատին ու նրա օգնականներին, ովքեր սերտորեն կապված էին Պանամյան օֆշորների հետ, անձնագրեր էին վաճառում Ադրբեջանին ու գումարներ ստանում։
Սպանությունից երկու շաբաթ առաջ լրագրողը ոստիկանությանը հայտնել էր, որ սպառնալիքներ է ստանում։
«Պանամյան գործի» շուրջ սկանդալը հրահրվել էր 2016 թվականին, երբ գերմանական Süddeutsche Zeitung թերթը փաստաթղթեր էր հրապարակել Պանամյան Mossack Fonseca իրավաբանական ընկերությունից, որոնցով հաստատվում էր մի շարք համաշխարհային առաջնորդների կողմից օֆշորային սխեմաներով հարկերից խուսափելու փաստը։ Այդ փաստաթղթերում, մասնավորապես, կային տվյալներ Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Իսլանդիայի վարչապետ Սիգմյունդյուր Դավիդ Գյունյույգսոնի մասին։
Mossack Fonseca֊ի փաստաթղթերի համաձայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դուստրերը՝ Լեյլա և Արզու Ալիևաները, օֆշորային ընկերություններ են հիմնել ոսկու արդյունահանման իրենց բիզնեսի համար և ստանում են Ադրբեջանի ոսկու հանքերից ստացվող շահույթի 70 տոկոսը։
Փաստաթղթերի համաձայն, 2006 թվականին Ադրբեջանի նախագահը ոսկու վեց հանքատեղեր փոխանցել է մեկ բրիտանական և երեք օֆշորային ընկերությունների։
Mossack Fonseca֊ի տվյալներով, Լեյլա և Արզու Ալիևաներին է պատկանում նաև պանամյան Londex Resourses S.A. օֆշորային ընկերությունը, որին պատկանում է ոսկու կոնսորցիումի 45%։ Ստացվում է, որ Ալիևների ընտանիքին է պատկանում երկրի ոսկի արդյունահանող մեծությամբ երկրորդ ընկերության հասույթի 56%֊ը։ Fargate Mining Corporation֊ը ևս ղեկավարվում է Ալիևի մտերիմներից Նասիբ Հասանովի կողմից։
«Պանամյան արխիվների» փաստաթղթերի համաձայն Ալիևների ընտանիքին է պատկանում նաև Redgold Estates Azerbaijan Ltd օֆշորային ընկերությունը, որը փորձում է Ղրղզստանում ոսկու արդյունահանման իրավունք ստանալ։
«Պանամյան գործում» ներկայացվածմ են շուրջ 11,5 միլիոն փաստաթղթեր, որոնք հաստատում են ավելի քան 50 երկրների մոտ 140 պաշտոնյաների՝ օֆշորային սեփականությունների մասին։ Այդ թվում են 12 ներկա և նախկին առաջնորդներ, ովքեր օգտագործել են ավելի քան 214 հազար օֆշորային ընկերություններ։