Home / Դատարան / Դատավոր Աննա Դանիբեկյանին հետապնդողներն ազատ են արձակվել

Դատավոր Աննա Դանիբեկյանին հետապնդողներն ազատ են արձակվել

Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի, բավարարեց դատավոր Աննա Դանիբեկյանի գործով մեղադրյալ Նարեկ Մութաֆյանի՝ կալանքի ժամկետը երկարացնելու դեմ բողոքը և որոշում կայացրեց ազատ արձակել նրան։ Նշենք, որ նույն քրեական գործով մեղադրայլ Սարգիս Օհանջանյանը ազատ էր արձակվել դեռևս դեկտեմբերի 9-ին՝ Վերաքննիչ դատարանի մեկ այլ դատավորի՝ Վազգեն Ռշտունու որոշմամբ։

Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներ Նարեկ Մութաֆյանն ու Սարգիս Օհանջանյանը Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանին հետապնդելու համար մեղադրվում են արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը միջամտելու մեջ (ՔՕ 332-րդ հոդվածի 1-ին մասով)։

Քննության տվյալներով՝ նրանք հետապնդել են դատավոր Ա.Դանիբեկյանին և վերջինիս պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելով հարցեր տվել դատավորի նախագահությամբ Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանում Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քննվող քրեական գործից՝ նրա նկատմամբ հնչեցնելով վիրավորական արտահայտություններ։

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: