Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը գրառում էր կատարել ֆեյսբուքում այն մասին, որ բանակում երբեք ավելի քիչ զոհ չի եղել, քան անցած՝ 2019 թվականին։ Խոսքը գնում է 49 մահվան դեպքերի մասին։ Ըստ Դատախազության` 49- ից 20 դեպքը կապված է եղել զինվորական ծառայության հետ, 29-ը տեղի է ունեցել զինվորական ծառայության հետ չկապված հանգամանքներում։ Փաշինյանի գրառման մասին Ազատության «Ըստ էության» հաղորդման ընթացքում խոսել է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։
Ալեքսանյանի կարծիքով «վարչապետը դիտավորյալ հղում չի կատարել դատախազության տվյալներին, որովհետև դա կթիրախավորվեր»։
Նա պնդում է, որ դատախազության տվյալները վստահելի չեն․ «Ոչ թե թիվը, ինձ համար էստեղ թիվը հեչ էական չի։ Էականը բաժանումն է․ զինծառայության հետ մահվան կապ ունենալն ու չունենալը։ Կարծում եմ, որ վարչապետը զինծառայության հետ կապ ունեցող այդ 20 դեպքերը դիտել է որպես պատմական մինիմում»։
Իրավապաշտպանի կարծիքով՝ դա թույլ փաստարկ է, քանի որ եթե մարդը եկել է տուն և կախվել, անհրաժեշտ է հասկանալ՝ պատճառները զորամասում են, թե՞ տանը․ «Դատախազությունը «մոգոնել է» այս բաժանումը, որպեսզի ստանա պատմական մինիմում»։ Ալեքսանյանը պնդում է, որ Պաշտպանության նախարարությունը չունի մարտական և ոչ մարտական մահվան դեպքերի սահմանումը և ձևակերպումները։
Իրավապաշտպանի համար անընդունելի է վարչապետի այդ գրառումը․ «Իշխանության գալուց առաջ նախ պետք էր մտածել մարդկանց կյանքի իրավունքի խախտումների մասին փակ համակարգում՝ բանակում։ ․․․Պետք է խոսել ինչպես կանխելու, ինչպես փոխելու մասին բարձրաձայն, անհրաժեշտ է հանրությանը բացատրություններ տալ»։
«Իմ Քայլը» խմբակցության անդամ Մարիա Կարապետյանը հակադարձում է, որ վարչապետը բազմիցս խոսել է երկրի բոլոր ոլորնտեր ու նաև բանակ ներթափանցած քրեական մշակույթի մասին։ Իսկ ոչ մարտական մահերի պատճառների վերհանմանը անդրադարձ պետք է կատարվի անցումային արդարադատության փաստահավաք խմբի կողմից․ «Թե՛ գնահատական տալու, թե՛ խնդիրները վերհանելու և նաև դրանց կրկնությունը թույլ չտալու առումով»։