Հունվարի 25–ին Կապանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյան հայտարարեց, թե ներկայիս իշխանությունը Ղարաբաղի հարցում կորցրել է Սերժ Սարգսյանի «գյոզալ» ժառանգությունը։ Նա նշեց, որ վերջերս լրատվական միջոցներից մեկում հոդված է տպվել, որտեղ, ըստ էության, փաստաթղթից մեջբերվում է, թե Սերժ Սարգսյանը որ կետում է թողել Ղարաբաղի բանակցային գործընթացը։ Հոդվածի բովանդակությունը պաշտոնապես չի հերքվել նախորդ իշխանությունների ներկայացուցիչների կողմից։
Հոդվածի մեջբերումը․
«Պարբերություն առաջին։ Մեջբերում եմ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման վերջնական նպատակներն են այնպես, ինչպես նրանք կապված են միմյանց հետ։ Յոթ շրջանների՝ Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի, Զանգելանի, Ղուբաթլիի, Քելբաջարի և Լաչինի վերադարձը Ադրբեջանին, պայմանով, որ պահպանվում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցք։
Հաջորդ կետը՝ կողմերի միջև համաձայնեցված ժամկետներում ՄԱԿ֊ի կամ ԵԱՀԿ հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության ազատ կամարտահայտությունը հանդիսացող համընդհանուր քվեարկության անցկացման միջոցով Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշումը, որը կլինի իրավական առումով պարտադիր և կհամապատասխանի միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին, նկատի ունենալով, որ քվեարկության դրված հարցը կամ հարցերը չպետք է սահմանափակվեն և կարող են ներառել կարգավիճակին վերաբերող բոլոր տարբերակները։
Տարածաշրջանում քաղաքական, առևտրային, տնտեսական և հումանիտար կապերի ամբողջական կարգավորում, դրացիական համագործակության վերականգնում, Հարավային Կովկասի տարածաշրջանի ամբողջական կայունության ապահովում։
Պարբերություն երկրորդ. վերաբնակները միջազգային հանրության օժանդակությամբ լքելու են առաջին պարբերությունում նշված հինգ շրջանների տարածքները։ Ադրբեջանի քաղաքացիական իշխանությունները մտնելու են նշված տարածքները, այն բանից հետո, երբ կտեղակայվեն խաղաղապահ միջազգային ուժերը և դուրս կհանվեն այդ շրջաններում ներկայումս գտնվող զինված ուժերը։
Խաղաղապահ միջազգային ուժերը կտեղակայվեն նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար շրջանի վարչական սահմանների երկայնքով, բացառությամբ Քելբաջարի և Լաչինի շրջանների մաս կազմող հատվածների, Քելբաջարի շրջանը կմնա ԵԱՀԿ անցումային մշտադիտարկման տակ։
Պարբերություն երեք. միևնույն ժամանակ վերոհիշյալ միջոցների ձեռնարկմանը զուգահեռ, մինչ վերջնական կարգավորման որոշումը ԼՂ–ն պետք է օժտվի ժամանակավոր կարգավիճակով, որը կերաշխավորի նրա ամենօրյա կենսագործունեության կազմակերպումը»։
«Սա էն ժառանգությունն ա, որը եղել է առկա սեղանին», – նշել է Փաշինյանը։
Եթե, ըստ նրա, Հայաստանի Հանրապետությունը ցանկանա շարունակել բանակցությունները այս կետից, ապա միջազգային հանրությունը ոչ մի խնդիր չի ստեղծի։
Վարչապետը կոչ է արել Արցախի նախագահի բոլոր թեկնածուներին կարծիք հայտնել՝ արդյոք այս տեքստը իրենց համար ընդունելի է, թե՞ ոչ, հավելելով՝ «Թո՛ղ Արցախի ժողովուրդը ասի՝ էս տեքստը ընդունելի է, թե ընդունելի չի։ Թո՛ղ հայ ժողովուրդը ասի՝ այս տեքստն իր համար ընդունելի՞ է, թե՞ ոչ։ ․․․Եթե Արցախի ժողովուրդը, հայ ժողովուրդը կորոշի, որ սա՛ է այն բանակցությունների հիմքը, սա՛ է ընդունելի տարբերակը, ես երաշխավորում եմ, որ նույն պահին սա կհայտնվի բանակցային սեղանին»։
Փաշինյանը նշել է, որ Հայաստանի որևէ կառավարություն Ղարաբաղի հարցում այնքան թափանցիկ չի եղել, ինչպես իրենց կառավարությունը և անձամբ ինքը։