Home / Հայաստան / Ինչպե՞ս լուսաբանել սեռական բռնության ենթարկված երեխաների դեպքերը․ ՍԲՃԿ

Ինչպե՞ս լուսաբանել սեռական բռնության ենթարկված երեխաների դեպքերը․ ՍԲՃԿ

«Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» Հկ֊ն (ՍԲՃԿ) անդրադարձել է վերջերս 13֊ամյա աղջկա և 10-ամյա տղայի սեռական բռնության դեպքերի մեդիա լուսաբանմանը։

Կազմակերպությունը նշում է, որ դեպքերը լուսաբանելիս լրագրողներն արել են այնպիսի հարցադրումներ, որոնք իրենց մեջ քննադատություն և մեղադրանք են պարունակել և ուղղված են եղել դեպքերի մանրամասն հանգամանքների բացահայտմանը, տրված հարցերը չեն համապատասխանել անչափահասի տարիքային առանձնահատկություններին, ինչպես նաև հրապարակել են երեխաների անձնական տվյալները՝ դրանով իսկ նպաստելով երեխաների կրկնակի զոհականացմանը:

Նշյալ դեպքերի լուսաբանումը չի բխում այդ երեխաների լավագույն շահից, ավելին՝ երեխաների կողմից դեպքերի մանրամասն ներկայացումը մեծացնում է երեխաների մոտ հոգեբանական տրավմայի հետևանքների դրսևորումը:

Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնը կոչ է անում ԶԼՄ֊ների ներկայացուցիչներին սեռական բռնության ենթարկված երեխաների դեպքերը լուսաբանելիս խորհրդակցել մասնագետների հետ, խորհել այն հետևանքների մասին, որոնք կարող են ունենալ հրապարակված հոլովակները և հոդվածները երեխաների հետագա կյանքի վրա և չառաջնորդվել սեփական լրատվամիջոցների դիտելիության ապահովմամբ:

Կենտրոնը հորդորում է ԶԼՄ֊ների ներկայացուցիչներին մեկ անգամ ևս ծանոթանալ ՄԱԿ֊ի մանկական հիմնադրամի կողմից մշակված Երեխաների մասին լուսաբանման հիմնարար սկզբունքներին և ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության կողմից մշակված Երեխաների անձնական տվյալների պաշտպանության մասին ուղեցույցին:

Նյութերը հասանելի են հետևյալ հղումներով՝

https://uni.cf/2UdJosw

https://bit.ly/36IjI9R