Ըստ Քննչական կոմիտեի, 2013 թվականի դեկտեմբերի 4-ին՝ բժշկական կենտրոնի էնդոսկոպիկ ախտորոշիչ հետազոտության ծառայության ղեկավարը բժշկական կենտրոնում ստացիոնար բուժման մեջ գտնվող 37-ամյա հիվանդին ցուցաբերել է ոչ պատշաճ բժշկական օգնություն:
Նա ախտորոշիչ հետազոտություն կատարելիս հիվանդի աղեստամոքսային համակարգն ուսումնասիրել է մասամբ. չհետազոտելով 12-մատնյա աղին՝ նրա մոտ չի հայտնաբերել ակնհայտ արյունահոսության աղբյուր հանդիսացած 12-մատնյա աղու քրոնիկական խոցը, ինչի հետևանքով հիվանդին բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող նույն բժշկական կենտրոնի մասնագետները հետազոտության տվյալներով հանգել են սխալ հետևության և հիվանդի բուժօգնությունը ցուցաբերել են ոչ լրիվ ծավալով:
Արդյունքում՝ խոցից շարունակական արյունահոսության պատճառով, 37-ամյա հիվանդի մոտ առաջացել է հեմոռագիկ շոկ, որն էլ անզգուշությամբ առաջացրել է վերջինիս մահը:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա բժիշկին մեղադրանք է առաջադրվել՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հոդվածով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: