Home / Համայնքներ / Եզդի անասնապահներին ու սիրիացի գործարարին խաբել են

Եզդի անասնապահներին ու սիրիացի գործարարին խաբել են

 Փետրվարի 21-ին «Նոյյան տապան» մամուլի ակումբում տեղի ունեցավ «Ինչպե՞ս Հայաստանում թալանեցին սիրիահայ գործարարին և եզդի անասնապահներին ու այդ պատմության հետ ինչ կապ ունի ՀՀ-ում Քուվեյթի դեսպանը» մամուլի ասուլիսը, որտեղ տուժող կողմը ներկայացրեց ամբողջ պատմությունն ու գործում առկա փաստերը։

Սիրիահայ գործարար Շահե Պահարեանը ութ տարի է, ինչ Երևանում է բնակվում, զբաղվում է սննդի կազմակերպմամբ։ 2018 թվականին ծանոթացել է Տիգրանի հետ, ով ցանկացել է սպանդանոց գնել։ Շահեն տարածք է առաջարկել, միասին սկսել են աշխատել, սպանդանոցն ապահովել է ոչխարներով։

Հարկային մարմինները, սպանդանոցում ստուգումների արդյունքում, մի քանի մլն դրամի տուգանք են գրել։ Տիգրանը խնդրել է Շահեին վճարել՝ հետագայում փոխհատուցելու պայմանով։ Շահեի կարծիքով սա առաջին «խարդավանքն» է։

Տիգրանը Շահեին ծանոթացրել է Քուվեյթի դեսպան Նաուաֆ Ալ Էնեզիի հետ։

«2019-ի մարտին դեսպանը զանգեց ինձ, ասեց՝ մենք իրար հետ անասուն պիտի առնենք։ Ինքը գումարներ է տվել, ես այդ գումարով առել եմ 500 գլուխ կենդանի, 250 կենդանի էլ իմ գումարով։ Այս ամենը թղթի վրա կա, ես իրեն տարել եմ անասունները ցույց եմ տվել», ֊ ասում է սիրիահայ գործարարը։

Իր տանը կազմակերպած ճաշկերույթի ժամանակ դեսպանն իր հերթին Շահեին ծանոթացրել է Իբայիդայի հետ՝ ներկայացնելով նրան որպես տարբեր երկրներում բիզնես գործունեություն իրականացնող, ՀՀ֊ում լուրջ կապեր ունեցող անձնավորություն և առաջարկել է իրականացնել համատեղ գործունեություն՝ վարձակալած ինքնաթիռով գառներ արտահանել Իրան։

Իբայիդան և դեսպանի վարորդը՝ Վիգենը, Շահեին առաջարկել են Բայրամին ընդառաջ Քուվեյթ 600-700 գլուխ անասուն ուղարկել։ Պահարեանը խորհրդակցել է Արամվիրում ապրող ընկերոջ հետ և հաստատել, որ կարող են անասուն գտնել։ Իբայիդան և Վիգենը կանխավճար են տվել, հետո մի մասը հետ վերցրել․ գնված կենդանիների գումարը Շահեն տվել է իր գրպանից։

Հետագայում Իբայիդան առաջարկել է, որպեսզի ինքնաթիռը դատարկ չթռնի, ավելի քան 1500 անասուն գնել, բայց ըստ գործարարի, իրեն դրա համար գումար չեն տվել, ինչի պատճառով չի կարողացել անասուն գտնել։ Սկսել են իրեն մեղադրել, թե իր պատճառով ինքնաթիռը տուժել է։

Ըստ սիրիահայի, իրեն հրավիրել են դատախազության դիմացի այգի, որտեղ դիվանագիտական համարներով երկու ջիպեր են ժամանել։ Դրանցից մեկում դեսպանի տղա Ֆեհեդն էր՝ թիկնապահների հետ։

«Այդ օրը դատախազության այգու դիմաց հավաքվեցինք․․․ Երկու ավտո, դիպլոմատիկ համարներով սև ջիպ այնտեղ եկան։ Մեկը դեսպանի տղան էր, պարոն Ֆեհեդը՝ իր ախռաննիկներով, ատրճանակն էլ մեջքին էր։ Ինձ տարան  555 բենզինի զապռավկայի կողի ավտոլվացման կետի մոտ․․․»։

Նրանք սպառնալիքներ են հնչեցրել և ասել, որ Շահեն պետք է վճարի հասցված վնասի գումարը՝ 162 հազար դոլար։

Պահարեանի փաստաբան Մելանյա Սամսոնյանը նշում է՝ իրենք ունեն «Ինքնաթիռի վարձակալության» պայմանագիրը, որտեղ նշված են կողմերը՝ «Ճանապարհորդություն Ալ Ռաշիդ» միջազգային ՍՊԸ-ն և ընդհանուր առևտրային ու պայմանագրային համատեղ ՍՊԸ-ն։ Պայմանագիրը թարգմանված է հայերեն, առկա է թարգմանիչի շտամպ, անգլերեն և արաբերեն տարբերակներին մեղադրող կողմը չի տիրապետում։

Իբրև պայմանագրի առարկա նշվում է, որ կողմերից մեկը պետք է իրականացնի ոչխարների տեղափոխման համար ինքնաթիռի մատակարարում, անհայտ է՝ ինչ պետք է անի կողմ երկրորդը․ որևէ նշում չկա։

«Նշված է տեղափոխման համար ոչխարների քանակը, նշված է՝ քանի տոննա պետք է լինի։ Ետ գնալով նաև նշեմ, որ երբ այս պայմանագիրը ցույց են տվել (պայմանագիրը Շահեին ցույց են տվել վերջին օրը), սկզբնական պայմանավորվածությունը եղել է ութ հարյուր գլուխ անասուն։

Ինքնաթիռի արժեք նշված է 162 հազար դոլար և նաև նշված են չեղարկման պայմանները, այն է՝ յոթ օր առաջ վճարում է 50 տոկոս և 96 ժամ առաջ հրաժարվելու դեպքում` հարյուր տոկոս», ֊ նշում է փաստաբանը։

Ըստ փաստաբանի, Շահեն եզդիներից ձեռք բերած գառների մորթը կազմակերպելու, արտահանելու հետևանքով առաջացած գումարների և իր անձնական գումարների զգալի մասը առձեռն տրամադրել է Իբայիդային՝ վկաների ներկայությամբ։ 

«Մնացած մասը բանկով փոխանցում է (բանկային փոխանցումները մեզ մոտ առկա են) իր [Իբայիդայի] կողմից նշված բանկային հաշվեհամարներին, որոնք իրենց մեջ ներառում են ինչ֊որ անկապ ընկերությունների անուններ, ինչ֊որ երկրում գործող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց անվանումներ։ Մենք երբ վերլուծում ենք, հասկանում ենք, որ մեծ մասը իր անձնական հաշիվներն են կամ իր ծանոթների, որոնք հետագայում փոխանցել են իրեն», ֊ պատմում է Սամսոնյանը։

Փաստաբանը պնդում է, որ Պահարեանին պատճառվել է մոտավորապես 550 հազար դոլարի վնաս։

Շահեն նշում է, որ ինքը տարիներ շարունակ համագործակցել է Արմավիրի մարզի եզդի անասնապահների հետ, երբեք ոչ մի խնդիր չի եղել ու այս միջադեպի պատճառով ինքը չի կարողանում վճարել ընկերների՝ եզդիների գումարները․ «Քառասուն տուն ընտանիք ես քանդել եմ»։

Ասուլիսին եկած ազգությամբ եզդի անասնապահներ Քյարամ Գալոյանն ու Շալիկո Շավերշյանը հայտնեցին, որ թե՛ իրենք, թե՛ մյուս անասնապահները շատ ծանր վիճակում են հայտնվել, գումար չունեն, վարկերի տակ են ընկել, չեն կարողանում այս սեզոնին անասունների համար կեր գնել։

Շահեն վերջին անգամ դեսպանի հետ խոսել է 15 օր առաջ։ Նա հայհոյանքներ է հնչեցրել Շահեի հասցեին։ Նա վստահ է, որ այս դեպքերի շարքը կազմակերպված հանցագործություն է իր դեմ։

Գործը դեռ քննության փուլում է։ Այս պահին առկա են Քրեական օրենսգրքի  178 հոդվածով նախատեսված խարդախության ու 131 հոդվածով նախատեսված անձին առևանգման հատկանիշներ։ Գործի ընթացքը, փաստաբանի կարծիքով, շատ դանդաղ է, ինչն ի վնաս է աշխատում տուժողի ու այն անասնապահների, որոնցից վերցրել են գառները։