Ոստիկանությունը հայտնում է, որ 2001 թվականին Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պաշտոնատար անձինք կեղծիքով պետական սեփականություն հանդիսացող Աբովյան 3 հասցեի շենքը գրանցել են որպես հասարակական կազմակերպության սեփականություն, ինչից հետո ՀԿ խորհրդի ղեկավարը, ով միաժամանակ Մշակույթի նախարարության բարձրաստիճան պաշտոնյա էր, անտեսելով, որ հիշյալ շենքն ընդգրկված է պատմամշակութային հուշարձանների ցանկում և ինքն ի պաշտոնե պատմամշակութային հուշարձանների պահպանության պարտականություն ունի, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ։
Ի պաշտոնե իմանալով, որ հուշարձանի հողատարածքն ընդգրկված է քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքներով չփոխանցվող հողերի ցանկում, հողատարածքը մասնավորեցնելու և օտարելու նպատակով նա գրություն է հասցեագրել Երևանի քաղաքապետարան։ Քաղաքապետարանի պաշտոնատար անձը, գրությանն ի պատասխան, տրամադրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ, որոնց հիման վրա հողամասերը ապօրինի գրանցվել են որպես մասնավոր սեփականություն։
2007 թվականին շենքի և հողամասի մի հատվածը հասարակական կազմակերպությունը 28 միլիոն 800 հազար դրամով օտարել է սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության՝ խախտելով Երևանի քաղաքապետի որոշման հիման վրա կնքված պայմանագրի դրույթները։ Այդ ընկերությունն իրականացրել է պատմամշակութային հուշարձանի ապամոնտաժման աշխատանքներ․ շենքի հյուսիսային հատվածը քանդվել է, որոշ պատուհաններ լցափակվել են։
Արդեն 2011 թվականին հասարակական կազմակերպությունը, դարձյալ խախտելով Երևանի քաղաքապետի որոշման հիման վրա կնքված պայմանագրի դրույթները, Աբովյան 3 հասցեի 201 միլիոն դրամ գնահատված հիմնական շենքն ու հողամասը, որպես ավանդ, ներդրել է մեկ այլ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրական կապիտալում՝ գրանցելով սեփականության իր իրավունքը նշված շենքի և հողամասի նկատմամբ։
Հիշյալ հասարակական կազմակերպության նախագահի կողմից 2012 թվականի հունիսի 27-ին ընկերության 100 տոկոս բաժնեմասը 550 հազար դոլարով ձևական գործարքի արդյունքում օտարվել է Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված օֆշորային ընկերություններից մեկին, որի տնօրենը հանդիսացել է Մշակույթի նախարարության նույն բարձրաստիճան պաշտոնյայի որդու կինը։
Ձևական գործարքների միջոցով նշված 100 տոկոս բաժնեմասի 50 տոկոսն անցել է հասարակական կազմակերպության նախագահին, 25 տոկոսը՝ հիշյալ ընկերության տնօրենի մորը, իսկ մյուս 25 տոկոսը մնացել է օֆշորային ընկերությանը։
Ապօրինությունների հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 201 միլիոն դրամի վնաս։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի և պատմության ու մշակույթի հուշարձաններ ոչնչացնելու կամ վնասելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է Քննչական կոմիտե։