– Ավագ դպրոցներում աշակերտների համախառն ընդգրկվածությունը 59.9 % է, եթե հավելենք, որ այս տարիքի պատանիների շատ փոքր մասն է, որ ուսումնառությունը շարունակում է արհեստագործական ուսումնարաններում, ապա կարող ենք փաստել, որ այս տարիքի երեխաների մի զգալի մասն ուղղակի չի շարունակում կրթությունը հիմնական դպրոցից հետո։ Ընդ որում, ընդգրկվածության թվերը վերջին տարիներին զգալի նվազել են։
– Ինչն ավելի մտահոգիչ է, երեխաների ընդգրկվածությունը ավագ դպրոցում զգալի տարբերվում է ըստ ընտանիքի սոցիալական բարեկեցության աստիճանի, այսինքն կարող ենք փաստել, որ տասներկուամյա կրթությունը հիմնականում չեն ավարտում սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները։ Այսպես, ավագ դպրոցում համախառն ընդգրկվածությունը ոչ աղքատ տնային տնտեսությունների համար կազմել է 74%, աղքատ տնային տնտեսությունների (առանց ծայրահեղ աղքատների) համար` 67%, ծայրահեղ աղքատ տնային տնտեսությունների համար՝ 52%:
– Այս տարբերությունն առավել ակնհայտ է դառնում, երբ նայում ենք ծախսերի կառուցվածքը. ավագ դասարաններում սովորող երեխա ունեցող տնային տնտեսություններում միջին ամսական ծախսը մեկ աշակերտի հաշվով ոչ աղքատ ընտանիքների դեպքում երկու անգամ գերազանցում է աղքատ և գրեթե հինգ անգամ՝ ծայրահեղ ընտանիքների ծախսը։ Ընդ որում, ոչ աղքատ ընտանիքները այդ ծախսի զգալի բաժինն իրականացնում են մասնավոր դասերի վրա, այն դեպքում, երբ աղքատ ընտանիքների դեպքում առյուծի բաժինը գնում է դասագրքերին, իսկ մասնավոր դասերի գումար ընդհանրապես չեն ծախսում ծայրահեղ աղքատ ընտանիքները։
– Շատ կանխատեսելի է հետևաբար, որ բուհական մակարդակում այս սոցիալական շերտավորումը դառնում է գերակշիռ. բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորողների 82.8%-ը ոչ աղքատ տնային տնտեսություններից են, 17.2%-ը` աղքատ (առանց ծայրահեղ աղքատների) եւ 0%-ը` ծայրահեղ աղքատ:
Զարմանալի չէ, ուրեմն, որ խոսում ենք աղքատության թակարդի մասին, որովհետև աղքատ ընտանիքները, չկարողանալով կրթությանն ուղղված ծախսեր իրականացնել, հիմնականում մնում են այս փակ շրջանում։
Ժաննա Անդրեասյան
աղբյուրը՝ ֆեյսբուքի էջ