Հաշվի առնելով աշխարհում և Հայաստանում նոր կոռոնավիրուսային հիվանդության տարածման դեպքերը և այդ վարակը Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից որպես պանդեմիա որակելու հանգամանքը, հիմք ընդունելով այն, որ Հայաստանում, առավելապես Էջմիածին քաղաքում, վարակի տարածման հետևանքով համաճարակային իրադրությունը սպառնում է բնակչության կյանքին և առողջությանը, Կառավարությունն այսօրվա արտահերթ նիստին ընդունեց մարտի 16-ից՝ ժամը 18:30-ից մինչև ապրիլի 14-ը` ժամը 9-ը Հայաստանի ամբողջ տարածքում արտակարգ դրություն սահմանելու մասին նախագիծը: Նախագիծը ներկայացրեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Ըստ նախագծի՝ արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող ուժերի և միջոցների միասնական ղեկավարումն իրականացնելու նպատակով կստեղծվի պարետատուն, որի ղեկավարման համար պարետ կնշանակվի փոխվարչապետ Տիգրան Ավինյանինը:
Արտակարգ դրության շրջանակներում կիրառվող միջոցառումները և իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումները կկիրառվել ՀՀ ողջ տարածքում կամ պարետատան կողմից որոշված տարածքների սահմաններում:
Սահմանային անցակետերում կսահմանվի անձանց, տրանսպորտային միջոցների մուտքի (ելքի), բեռների, այլ գույքի, կենդանիների տեղափոխման, անձանց ու տրանսպորտային միջոցների գտնվելու և տեղաշարժվելու հատուկ կարգ:
Ցամաքային սահմանի անցակետով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ելքը կարգելվի, բացառությամբ ապրանքների փոխադրումն իրականացնող անձանց։
Առողջապահության նախարարի հրահանգով` համաճարակաբանական լարված իրավիճակ ունեցող երկրներից ժամանած անձինք կտեղափոխվեն հատուկ նախատեսված կարանտինային վայրեր կամ նրանց կարող է հրահանգվել անցնել ինքնամեկուսացման:
Պարետի ցուցումով համապատասխան համայնքներում կարող են կիրառվել մի շարք սահմանափակումներ․
- համայնքի վարչական սահման մուտք գործելու և վարչական սահմաններից ելք կատարելու հատուկ ռեժիմ
- անձանց մեկուսացում (ինքնամեկուսացում), ազատ տեղաշարժի նորմավորում, և նրանց նկատմամբ անհրաժեշտ հսկողության իրականացում.
- սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների իրականացում անձանց մշտական բնակության կամ գտնվելու վայրում.
- անձանց մոտ վարակի առկայության կասկածի կամ դրա հայտնաբերման դեպքում անձանց տեղափոխում հատուկ նախատեսված կարանտինային վայրեր կամ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններ.
- տրանսպորտային միջոցների զննում, դրանց մուտքի և ելքի արգելք։
Քրեակատարողական հիմնարկներում և ձերբակալվածներին պահելու վայրերում, ՊՆ զորամասերում, տարեցներին սոցիալական ծառայություններ տրամադրող, երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում և հոգեբուժական կազմակերպություններում կարգելվեն ծանրոցներ և փաթեթներ ստանալը և ուղարկելը, տեսակցություններ ունենալը, կրոնական ծեսերի կազմակերպումը և դրանց մասնակցելը։
Կարգելվի հավաքների և գործադուլների, համերգների, ցուցահանդեսների, ցուցադրությունների, թատերական ներկայացումների և սպորտային, մշակութային, կրթական այլ միջոցառումների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցությունը, հանրային սննդի օբյեկտների, առևտրի և զվարճանքի բազմաֆունկցիոնալ կենտրոնների գործունեությունը:
Արտակարգ դրության ողջ ընթացքում կդադարեցվի պետական, համայնքային և ոչ պետական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը, բացառությամբ հեռավար ուսուցման:
Բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա ունեցող կազմակերությունները (անկախ սեփականության ձևից) բժշկական օգնությունը և սպասարկումը կիրականացնեն` հիմք ընդունելով Առողջապահության նախարարության ցուցումները: