Ակնհայտ է, որ մենք առնվազն մինչև մյուս տարվա մարտ-ապրիլ ամիսներ, քանի դեռ պատվաստանյութ չի հայտնավերվել, շարունակելու ենք ունենալ կորոնավիրուսի նոր դեպքեր, այս մասին ֆեյսբուքի ուղիղ եթերում՝ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և Արտակրագ դրության պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ քննարկման ընթացքում, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Հետևաբար, մեր խնդիրն է վաղվանից ամեն ինչ անել, համակեցության նոր պայմաններ ապահովել, որպեսզի կարողանանք զուգահեռ ապրել կորոնավիրուսի հետ, այլ ոչ թե փակված։ Մեկ տարի անընդհատ փակված մնալ հնարավոր չէ», – ասել է Փաշինյանը։
Մայիսի 4-ից տեղի է ունենալու սահմանափակումների մեղմացում։ Տնտեսական գործունեության բազմաթիվ ոլորտներ կվերագործարկվեն։ Տիգրան Ավինյանի փոխանցմամբ, սահմանափակումների ցանկում, փաստացի, կմնան տնտեսական գործունեության ընդհամենը 10-12 տեսակներ։ Սահմանափակված կմնա կրթության ոլորտի գործունեությունը, որը դեռևս միայն հեռավար կերպով է կազմակերպվելու, փակ կլինեն խոշոր առևտրի կենտրոնները՝ մոլերը և խոշոր շուկաները, փակ կլինեն սննդի և ժամանցի ոչ բացօթյա վայրերը, նաև՝ հանրային տրանսպորտի ոլորտը, որն, այնուամենայնիվ, որոշակի կանոնների մշակումից ու ադապտացիոն շրջանից հետո, հավանաբար, ևս կբացվի։
Սահմանափակումները, ըստ Ավինյանի, հնարավորություն տվեցին խուսափել առողջապահական համակարգի կոլապսից։ Նրա կարծիքով, այս ընթացքում զարգացվել են առողջապահական կարողությունները (այդ թվում՝ թեստերի և արհեստական շնչառության ապարատների քանակի, մասնագետների վերապատրաստման, հիվանդանոցների մոբիլիզացման առումով), համակարգը նախապատրաստվել է և ադապտացվել․ «Մենք համոզված ենք, որ նվազագույնը ակտիվ դեպքերի որոշակի քանակ՝ մի քանի հազար, այժմ կարող ենք սպասարկել», – նշել է փոխվարչապետը։
Հետագա զարգացումները, ըստ նրա, մեծապես կախված են լինելու Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու և հատկապես տնտեսական գործունեություն կազմակերպողների պատասխանատվությունից։ Վերջիններիս համար այս ընթացքում հստակ կանոններ են սահմանվել։ Կանոնների չպահպանման համար նախատեսվել են նաև պատժիչ գործողություններ։ Այստեղ հիմնական գործիքը տեսչական մարմինն է, որն իրավասություն ունի ստուգումներ իրականացնելու, բայց քաղաքացիական վերահսկողությունն ամենաարդյունավետն է, նշել է Ավինյանը։
Մայիսի 3-ի առավտոյան 11։00-ի դրությանբ՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 2 հազար 386 դեպք, որոնցից 1035-ն՝ արդեն առողջացած, 35-ը՝ մահվան ելքով։ Դեպքերից 320-ն արձանագրվել են բուժաշխատողների մոտ։
Տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակումների թուլացման արդյունքում՝ վերջին օրերին նկատվում է վարակվածության դեպերի էական աճ։ Մայիսի 2-ին դեպքերն աճել են 113-ով, մայիսի 1-ին՝ 125-ով։ Իրավիճակը, երբ նոր դեպքերը երկու և ավել անգամ գերազանցում են ապաքինման դեպքերին, վերականգնվել է։
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի փոխանցմամբ, թվերի աճը պայմանավորված է տարբեր գործոններով․ նախ՝ մարդկանց շարժունակության աճով, բայց նաև որոշակի օջախանման գործոններով․ «Տեսնում ենք, որ կանոններն այնքան լավ չեն պահպանվել, որ հնարավոր լիներ կանխարգելել թե՛ արտադրական կոլեկտիվներում փոխանցումները, թե՛ պարզապես հավաքատեղիներում»։
Թորոսյանը նշել է նաև, որ վերջին օրերին աճել է նաև ծանր դեպքերի քանակը։ Այսօրվա դրությամբ վարակվածներից 65 վիճակը գնահատվում է ծանր, 35-ինը՝ ծայրահեղ ծանր։ Ըստ Թորոսյանի, նրանցից 9-ը միացված են արհեստական չնշառության սարքավորումներին։
«Մենք կարող ենք ակտիվ 3-ից 4 հազար դեպք վարել, որոնցից հազար հինգ հարյուրը՝ հիվանդանոցներում։ Այս պահին ունենք 850-ի կարգի ակտիվ դեպք հիվանդանոցներում և 350-ի կարգի՝ հյուրանոցներում, որտեղ ասիմպտոմ դեպքերն են պահվում են», – նշել է նախարարը։
Այս պային համակարգը մեծ ծանրաբեռնվածություն չունի, միևնույն ժամանակ, ըստ նախարարի, ակտիվ դեպքերը 3-4 հազարի հասցնելը ամենաանցանկանալի սցենարն է․ «Մենք ստիպված պետք է լինենք պացիենտների ավելի խորը սորտավորում անել»։
https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/249829552738506/
Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ պարետատունը կգործի մինչև արտակարգ դրության ռեժիմի ավարտը։
Այսօրվանից սկսած Հայաստանում մեծ հզորությամբ դիմակների արտադրություն կսկսվի, որը, ըստ վարչապետի, կթողարկի օրական մինչև 200.000 արտադրանք․ «Դիմակների առումով խնդիրներ չենք ունենա»։