Home / Առողջապահություն / Ի՞նչ են պարտավոր անել գործատուները․ տեսուչները 55 խախտող են գտել

Ի՞նչ են պարտավոր անել գործատուները․ տեսուչները 55 խախտող են գտել

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն այս ընթացքում իրականացրել է 487 մշտադիտարկում, արդյունքում՝ շուրջ 55 կազմակերպությունների աշխատանքը պարետի որոշմամբ ժամանակավորապես կասեցվել է, ասում է տեսչական մարմնի ներկայացուցիչ Աշոտ Հարությունյանը։

Հարությունյանի խոսքերով՝ արձանագրված խնդիրները հիմնականում կապված են եղել հակահամաճարակային կանոնների խախտման հետ, որոնք կարող էին վտանգել աշխատակիցների կամ հաճախորդների առողջությունը։ 

Նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը կանխելու և աշխատաողների առողջության համար հնարավորինս անվնաս պայմաններ ապահովելու համար կազմակերպությունները պարտավորեն են առաջնորդվել պատկան մարմինների կողմից սահմանված կանոններով, ասում է Հարությունյանը։ 

Գործատուները պարտավոր են ապահովել պայմաններ աշխատակիցների ձեռքերի կանոնավոր և մանրակրկիտ լվացման համար՝ 10 աշխատակցի հաշվարկով նվազագույնը մեկ ծորակ, ջրի և օճախի, ալկոհոլային հիմքավ ախտահանիչների հասանելիություն, եռաշերտ դիմակների, ձեռնոցների առկայություն։ Հաճախորդների հետ անմիջական շփում ունեցող աշխատակիցները մշտապես պետք է դիմակ կրեն։ Պետք է ապահովվի նաև աշխատակիցների՝ առնվազն 2 մետր միմյանցից հեռավորություն պահելու նախապայմանը։

Աշխատավայրերը, սարքավորումները և հպման մակերևույթները պարտադիր պետք է ախտահանվեն՝ քլորի հիմքով կամ 60-80 տոկոս սպիրտային հիմք պարունակող լուծույթներով, օրական առնվազն երկու անգամ։

60  և ավելի տարիքի, շաքարային դիաբետ, սրտանոթային, շնչառական հիվանդություններ կամ այլ քրոնիկ հիվանդություններ ունեցող, երեխա խնամող աշխատակիցների համար պետք է սահմանվեն ճկուն աշխատանքային գրաֆիկներ։ 

Բոլոր աշխատակիցները օրական առնվազն երկու անգամ պետք է ջերմաչափվեն, ջերմաչափման տվյալները պետք է կանոնավոր լրացվեն գրանցամատյանում։ Հիվանդության կասկածի կամ բնորոշ ախտանիշների ի հայտ գալու պարագայում՝ գործատուները պարտավոր են հրահանգել աշխատակցին անցնել տնային աշխատանքի ռեժիմի։ Հնարավորության բացակայության դեպքում՝  պետք է հարգելի համարեն այդ աշխատակցի բացակայությունները և բացառեն վերջիններիս մուտքը աշխատավայր։ 

Հիվանդությանը բնորոշ ախտանիշների/գանգատների դեպքում՝ գործատուները պարտավոր են կապնվել Առողջապահության նախարարության հետ, հնարավորության դեպքում՝ ախտահանել տարածքը, որտեղ աշխատել է տվյալ աշխատակիցը, և նրան հասանելի մնացած տարածքներն ու մակերեսները։ 

Վարակի հաստատման դեպքում՝ պարտավոր են նաև շտապ առանձնացնել այն անձանց շրջանակը, որոնք շփում են ունեցել վարակակիրի հետ։

Նշված կանոնների խախտման դեպքում՝ տեսչական մարմինը հաշվետվություն կազմելու, սանկցիաներ կիրառելու լիազորություններ ունի։ Տեսչական մարմնի հաշվետվությունները կարող են հիմք հանդիսանալ նաև, օրինակ, պարետի համապատասխան որոշմամբ կազմակերպության գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու լիազորություն ունի։

https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/videos/217410643017753/

Սա տեսչական մարմնի լիազորությունների գրեթե սպառիչ շրջանակն է այս պահին։ Հիշեցնենք, որ 2018 թվականին հաստատված կանոնադրության համաձայն, առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինը իրավասու է վերահսկել բացառապես աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման նորմերի կիրառումը։ Աշխատանքային իրավունքի մնացած նորմերի նկատմամբ վերահսկողությունը ամբողջապես դուրս է տեսչական մարմնի (և մնացած բոլոր պետմարմինների, այդ թվում՝ Աշխատանքի և սոցիալական նախարարության) լիազորությունների շրջանակից։ Այսինքն՝ եթե գործատուն գերշահագործման է ենթարկում աշխատակիցներին, հրաժարվում վճարել հասանելիք աշխատավարձերը կամ հավելավճարները, ապօրինի պահումներ անում, զրկում արձակուրդից կամ հանգստյան օրերից, պետությունը միջամտելու որևէ լիազորություն չունի։

Ինչ վերաբերում է առողջապահական և մասնավորապես՝ հակահամաճարակային նորմերին, տեսչական մարմինը իսկապես լիազորված է վերահսկել դրանց կիրառումը։ Այդ վերահսկողությունը, սակայն, մնում է սահմանափակ։ Նույնիսկ արտակարգ դրության պայմաններում անվտանգության նորմերը՝ և ընդհանուր, և հակահամաճարակային, մասսայաբար շրջանցվում են՝ հատկապես գործարաններում և արտադրամասերում։ Epress.am-ի զրուցակիցները (սննդամթերքի արտադրությամբ զբաղվող խոշոր գործարանի և փոքր արտադրամասի աշխատողներ), օրինակ, հայտնում են, որ կանոնների սահմանումից հետո իրենց աշխատավայրում, իսկապես, օճառներ ու ախտահանիչ հեղուկներ են հայտնվել, բայց մնացած բոլոր պահանջները ապահովվում են զուտ ձևականորեն․ դիմակները, օրինակ, չեն թարմացվում, տարածքները պատշաճ չեն ախտահանվում, տարիքով և քրոնիկ հիվանդություններով աշխատակիցների «հարգելի» բացակայությունների և վճարովի արձակուրդների մասին խոսք լինել անգամ չի կարող։ «Ամեն տեղ էլ տենց է», – ասում են աշխատողները։ Հանրային խոսելուց կամ տեսչական մարմնին դիմելուց նրանք խուսափում են․ փորձել են ինքնուրույն լուծել այս խնդիրը, դիմել գործատուին, լարված խոսակցությունից հետո վստահ են, որ եթե բողոքեն, անմիջապես կզրկվեն աշխատանքից։