Հայաստանի և Ադրբեջանի ռազմական գերատեսչությունները հայտնում են սահմանամերձ գյուղերի գնդակոծման մասին և մեղադրում միմյանց առաջինը կրակ բացելու մեջ։
Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյան․ «Այսօր՝ ժամը 14:00-ին, ադրբեջանական մարտական հենակետերից խոշոր տրամաչափի զենքերից կրակել են Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել են բնակելի տներ»։
Ըստ նրա` հակառակորդի կրակետերի ուղղությամբ հայ դիրքապահների ձեռնարկած համապատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը լռեցվել է։ Տուժածներ չկան։
Ադրբեջանի սահմանապահ ծառայություն․ «Մայիսի 13-ին հայկական կողմը խոշոր տրամաչափի զենքից գնդակոծել է Գազախի շրջանի Աբասբեյլի գյուղի բնակելի տները, որոնցից մի քանիսը վնասվել են։ Կրակի տակ են հայտնվել գյուղի մերձակայքի հսկիչ անցակետերը, գյուղ գնացող ռազմական և քաղաքացիական մեքենաները։ Կրակը բացվել է Հայաստանի Իջևանի շրջանի Բերքաբեր գյուղի կողմից։ Ադրբեջանական կողմը պատասխան կրակ է բացել»։
Ի տարբերություն Հայաստանի ՊՆ-ի, Ադրբեջանական ռազմական գերատեսչությունը գնդակոծման հետևանքները ցույց տվող լուսանկարներ չի տրամադրում։