Վերջին մեկ օրում Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 251 նոր դեպք, 20 հոգի ապաքինվել է, արձանագրվել է մահվան 10 դեպք, հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հանրագումարով՝ մայիսի 30-ի առավոտյան 11։00-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է վարակվածության 8927 դեպք, որոնցից 3317-ն՝ արդեն առողջացած, 175-ը՝ մահվան ելքով․ նրանցից 127-ը, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է կորոնավիրուսային հիվանդությունից, 48-ը՝ «այլ պատճառներով»։
Մահվան դեպքերի վերաբերյալ նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 61 (կին), 82 (տղամարդ), 73 (տղամարդ), 70 (տղամարդ), 75 (տղամարդ), 76 (տղամարդ), 64 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին բուժվում է 5 435 մարդ:
Երեկ 1 039 թեստ է արվել։ Մինչ այժմ իրականացված թեստավորումների ընդհանուր թիվը 57 081 է:
Երեկ երեկոյան՝ պարետատան նիստից հետո, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ կորոնավիրուսի համաճարակի հետ կապված իրավիճակը հանրապետությունում շարունակում է վատթարանալ, մեկ միլիոն բնակչին ընկնող դեպքերով մենք արդեն իսկ անցել ենք Իրանի Իսլամական Հանրապետության և Ֆրանսիայի ցուցանիշները, ըստ էության՝ հավասարվել ենք Ռուսաստանին, այս տեմպով շարունակվելու դեպքում՝ կհասնենք Իտալիայի ցուցանիշին։ Համաճարակի տարածման այսպիսի տեմպը՝ անկախ նրանից, որքան տոկոսն է ախտանիշով և որքանն է ասիմպտոմ, ինքնաբերաբար բերում է ծանր, ծայրահեղ ծանր և մահվան դեպքերի աճի։
Հիվանդանոցների վերակենդանացմամ բաժանմունքները մնում են խիստ ծանրաբեռնված։ Առողջապահության նախարարությունն այժմ ընդլայնում է ռեանիմացիաների մահճակալային ֆոնդերը։ Եթե մահճակալները սպառվեն, չի բացառվում, որ ստիպված լինենք վերադառնալ կարանտինային խիստ սահմանափակումների։
Փաշինյանը նշել է նաև, որ խստացվելու են անվտագության կանոնները և դրանց պահպանման նկատմամբ վերահսկողությունը։