Խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել կառավարության ներկայացրած օրենքի նախագծին, որով առաջարկվում է ստեղծել նոր պարեկային ծառայություն, որը կփոխարինի գործող պարեկապահակային ծառայությանը (ՊՊԾ) և ճանապարհային ոստիկանությանը (ՃՈ):
Արդարադատության նախարարությունը հավաստիացնում էր, որ պարեկային ծառայությունն էականորեն տարբերվելու այժմ գործող ոստիկանության երկու արտաքին ծառայություններից՝ ՊՊԾ-ից և ՃՈ-ից, որոնք իրականացնում են ճանապարհային երթևեկության կանոնակարգման, ճանապարհային անվտանգության ապահովման գործառույթները և հասարակական կարգի պահպանությունը: Այն կհամալրվի նոր կադրերով, կգործի նոր սկզբունքների և ռազմավարության հիման վրա, կունենա նոր համազգեստ, նոր հագեցվածություն՝ զենքի հատուկ միջոցներով, տրանսպորտային միջոցներով, տեխնիկական սարքավորումներով:
Արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանի հավաստիացրել է, որ Պարեկային ծառայությունը կհամալրվի նոր ծառայողներով՝ բաց մրցույթի հիման վրա։ Ընտրված ծառայողները կանցնեն 5-մսյա կրթական վերապատրաստում Ոստիկանության կրթահամալիրում։
Առաջին փուլով Ծառայությունը կգործարկվի Երևանում՝ մինչև 2021 թվականի առաջին եռամսյակը։ Ապա՝ Շիրակի և Լոռու մարզերում, այնուհետև ամբողջ հանրապետությունում՝ մինչև 2022 թվականի առաջին եռամսյակը: Մինչև պարեկային ոստիկանության ամբողջական գործարկումը Հանրապետության մյուս մարզերում կշարունակեն ծառայություն իրականացնել ներկայիս պարեկապահակային ծառայության աշխատակիցները և ճանապարհային ոստիկանություն ծառայության 2-րդ սպայական գումարտակի ծառայողները:
Նախատեսվում է ծառայողների աշխատավարձների բարձրացում և կադրային ֆոնդի որոշակի կրճատում։
Օրինագիծն Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ քննարկվել էր մայիսի 27-ին։ Հիմնական զեկուցողը՝ փոխնախարար Գրիգորյանը, հայտնել էր, որ մայրաքաղաքի ՊՊԾ ստորաբաժանման շարային ծառայողների թիվը այժմ 840 է, ՃՈ ծառայողների թիվը՝ 230: Նոր պարեկային ծառայության դեպքում նախատեսվում է Երևանում ունենալ 700 շարային ծառայողներ:
Փոխնախարարը նշել էր, որ ոստիկանության այն ծառայողներին, որոնք չեն հաղթահարի նոր Պարեկային ծառայության բաց մրցույթը մրցույթը կամ չեն ցանկանա մասնակցել դրան, այլ աշխատանք կառաջարկվի, օրինակ` ոստիկանության զորքերում, որտեղ ևս, ըստ Գրիգորյանի, որոշ ռազմավարական փոփոխություններ են նախատեսվում։
Պարեկային ծառայության նոր ծառայողների աշխատավարձերը կբարձրացվեն․ ներկայիս ՊՊԾ-ի և ՃՈ-ի աշխատավարձային ֆոնդը Երևանի համար տարեկան շուրջ 3 միլիարդ դրամ է կազմում, նոր ծառայության դեպքում կկազմի տարեկան 4,3 միլիարդ դրամ: Ծառայության աշխատակիցների հարկված աշխատավարձը կազմելու է շուրջ 237 հազար դրամ:
Նոր պարեկային ծառայության գործարկմանը զուգահեռ այս ծառայության արդյունավետությունն ապահովելու նպատակով ստեղծվելու է օպերատիվ կառավարման կենտրոն, որը զանգերի, ահազանգերի միասնական կառավարման գործառույթներից բացի, իրականացնելու է նաև ոստիկանության արտաքին ուժերի կառավարման գործառույթներ՝ ապահովելով ստացված ահազանգերի արագ սպասարկումը, քաղաքացիներին պրոֆեսիոնալ աջակցության և խորհրդատվության տրամադրումը և այլն:
Նախագիծը այժմ վերադառնալու է Ազգային ժողովի լիագումար նիստերի դահլիճ՝ երկրորդ ընթերցման։
Հիշեցնենք, որ Պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման ստեղծումը Ոստիկանության բարեփոխումների ռազմավարության բաղադրիչներից էր․ նպատակն է՝ վերափոխել ոստիկանությունը, վերանայել և վերակազմակերպել ոստիկանների կրթության և վերապատրաստման համակարգերը, վերանայել նախաքննության արդյունավետությունը, ստեղծել ոլորտը համակարգող, ոլորտի քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարություն (Ներքին գործերի նախարարություն), որն այլև հաշվետու կլինի նաև խորհրդարանի առջև։