Պարետատան որոշմամբ հանրային վայերերում դիմակ կրելը դառնում է պարտադիր․ եթե մինչ այս դիմակը պարտադիր էր միայն հանրային փակ վայրերում, այդ թվում՝ մասնավոր և հանրային տրանսպորտային միջոցներում, ապա այժմ այն պարտադիր է նաև բաց տարածքներում՝ փողոցներում, կանգառներում, այգիներում և այլն։ Բացառություն կսահմանվի միայն մինչև 6 տարեկան երեխաների և սպորտով զբաղվողների համար։
Այս մասին պարետատան ամենօրյա նիստից հետո տեղի ունեցող ճեպազրույցի ընթացքում հայտնել է փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։
https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/337240180594390/UzpfSTEzNzgzNjgwNzkxNTAyNTA6Vks6MzM3MjQwMTgwNTk0Mzkw/
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է քաղաքացիների ուղարկած լուսանկարների և տեսաձայնագրությունների շնորհիվ «բացահայտված» գաղտնի հարսանիքների, խնջույքների, վերջին զանգերի և զանգվածային տոնական միջոցառումների անցկացման, հակահամաճարակային կանոնների չպահպանման այլ աղաղակող դեպքերի մասին։ Կանոնները, ըստ վարչապետ, չեն պահվում համատարած։
«Գործ ունենք 2018 թվականի հեղափոխության ժամանակ հաստատված իրավիճակի հայելային պատկերի հետ», – նշել է Փաշինյանը։
Ֆեյսբուքով անձամբ իրեն խախտումների վկայություններն ուղարկելը Փաշինյանն անվանել է «հանրային վերահսկողության ֆլեշմոբ», որի ընթացքում արձանագրվել է, որ հակահամաճարակային կանոնները չեն պահպանում հանրության ամենատարբեր շերտերը՝ ամենալայն ծավալներով։ Պատճառը, նրա կարծիքով, նրանում է, որ, որքան էլ զարմանալի թվա, բայց Հայաստանում այս տարվա առաջին 6 ամիսների ընթացքում ավելի քիչ մահ է գրանցվել, քան նախորդ տարվա առաջին 6 ամիսներին։
Նույնիսկ 2020 թվականի մայիսին 320-ով ավելի քիչ մահ է գրանվել հանրապետությունում, քան 2019 թվականի մայիսին։ Ըստ Փաշինյանի, կա երկու բացատրություն․ նախ՝ կորոնավիրուսը կլանել է այլ պատճառներով մահերը, նաև՝ կորոնավիրուսի բերում շատ ավելի մեծ թվով մարդիկ են ստացել առողջապահական ծառայություններ, շատ ավելի շատ մարդիկ են հոսպիտալացվել և բուժվել, այդ թվում՝ այլ հարակից հիվանդություններից։
Մենք հնարավորություն ունենք այս վիճակագրությունը պահել, ասել է վարչապետը։ Բայց եթե այս տեմպը շարունակվի, նախորդ տարվա հետ հակառակ դիսբալանս է առաջանալու։
Փաշինյանն ընդգծել է՝ ֆլեշմոբի շնորհիվ մեզ հաջողվել է հասկանալ պրոբլեմի ծավալը, և շնորհակալություն է հայտնել բոլոր քաղաքացիներին, որոնք «ի հեճուկս աղմուկ-աղաղակի», մասնակցել են այս գործընթացին․
«Այսօր արդեն, երբ մենք արձանագրեցինք խախտումներ ամենատարբեր տեղերում՝ սկսած բանկային համակարգից, սպասարկման ոլորտից, դպրոցներից, պետական կառավարման մարմիններից, ․․․մեր համատեղ աշխատանքի արդյունքում տեսանք կարգապահության տեսանելի որոշակի փոփոխություն»։
Փաշինյանը կոչ է արել քաղաքացիներին արձանագրված խախտումները շարունակել ուղարկել իր ֆեյսբուքյան էջին․ «Սրանով սկսում ենք հանրային վերահսկողության թիմի ձևավորումը, որը առաջիկայում ամենօրյա աշխատանք կկատարի այս ուղղությամբ, այդ թվում՝ անձամբ ես և իմ ֆեյբուքյան էջի թիմը։ Մենք հաղորդակցություն կապահովենք նաև ոստիկանության և առողջապահական համակարգի հետ»։