Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը անդրադարձել է համացանցում այսօր հայտնված տեսանյութին, որում երևում է, ինչպես են ոստիկանները բիրտ ուժի գործադրմամբ առանց դիմակ մարդուն բերման ենթարկում։
«— Տեսանյութում ներկայացված է միջադեպի միայն մի մասը,
— Տեսանյութի սկզբի վայրկյաններից էլ ակնհայտ է, որ ոստիկաններից մեկի գլխարկը գետնի վրա է, սակայն դրան նախորդած գործողությունները, ներառյալ ոստիկանի՝ օրինական պահանջին չենթարկվելու քաղաքացու ենթադրվող վարքագիծն ու գործողությունները տեսանելի չեն», – ֆեյսբուքի իր էջում գրել է նախարարը։
Տեսանյութը, հիշեցնենք, պատկերում է, ինչպես են ոստիկանները դիմակ չկրելու համար քաղաքացուն բերման ենթարկում․ երեք ոստիկաններ՝ խեղդելով, ձեռքերը ոլորելով, վզից բռնած՝ փորձում են պարկացնել նրան գետնին և ձեռնաշղթաներ հագցնել՝ ընթացքում պարբերաբար հրելով և ոտքերով սեղմելով։ Գետնին պարկած մարդը գոռում է՝ «թողեք՝ գալիս եմ, խեղդվում եմ, մի արա»։ Ոստիկանները նրա խնդրանքներն անտեսում են։ Ոստիկաններից մեկի գլխարկը գետնին է։ Ի՞նչ պայմաններում է այն վայր ընկել՝ հայտնի չէ։
«Ակնհայտ է նաև, որ «բաց թողեք, գալիս եմ» հայտարարությանը նախորդած քաղաքացու վարքագծին ականատես լինելու պայմաններում է միայն հնարավոր կանխատեսել և գնահատել հայտարարության արժանահավատությունը և, հետևաբար, ոստիկանության գործողությունների համաչափությունը։
Հ. Գ. արդյունավետ ոստիկանություն ունենալու համար անհրաժեշտ է, որ ոստիկանն օրենքի սահմաններում գործելիս կաշկանդված չլինի և չենթարկվի անհարկի քննադատության», – գրել է Բադասյանը։
Ավելի վաղ միջադեպը մեկնաբանել էին նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ոստիկանապետ Արման Սարգսյանը և մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
«Ոստիկանությունը ուժային կառույց է, և սահմանված կանոնների նկատմամբ բացահայտ արհամարհանք ցույց տվողների նկատմամբ օրենքով սահմանված կարգով կարող է և պե՛տք է ուժ կիրառի: Սա իմ պահանջն է ոստիկանությունից, սա նաեւ հանրության պահանջն է ոստիկանությունից», – գրել է Փաշինյանը։
Ոստիկանապետն, իր հերթին, ոստիկանների գործողությունները որակել է որպես «շատ իրավաչափ» և ակնարկել՝ քաղաքացին, որը չի կատարել «այդ պահանջները», փորձել է «ոստիկանին հրահրելով ներքաշել ինչ-որ բանի մեջ»՝ առանց պարզաբանելու, կոնկրետ ինչի մեջ և ինչպես։
ՄԻՊ Արման Թաթոյանն էլ ոստիկանների գործողությունները գնահատել է որպես ոչ համաչափ․ «Չնայած ոստիկանության ծառայողների քանակական գերակշռությանը, ոստիկաններին ուղղված քաղաքացու հորդորներին առ այն, որ ենթարկվում է ոստիկանի պահանջին և կհետևի նրանց, Ոստիկանության ծառայողները շարունակել են անձի նկատմամբ ֆիզիկական ուժի և հետո նաև հատուկ միջոցի գործադրումը»։
Նշենք, որ տեսանյութը հրապարակել է Մանուել Մանուկյանը, ով ներկայանում է որպես Ապրիլյան պատերազմի մասնակից և պարբերաբար մանկացում/նախաձեռնում ցույցեր՝ «այլասերվածության» դեմ, վաշխառուների դեմ, «սորոսականների» դեմ և ոչ միայն։