Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը Սահմանադրական փոփոխությունների մասին քվեարկության նախնական արդյունքները հրապարակել է մինչև տեղամասերի փակվելը։ Այդ հաշվարկների համաձայն, փոփոխություններին կողմ է քվեարկել ընտրողների 72,92 տոկոսը, նշում է հանձնաժողովը։
Ռուսաստանում Դաշնային մակարդակի ընտրություններում արգելվում է հրապարակել նախնական արդյունքները մինչև բոլոր տեղամասերի փակվելը՝ դեռևս չքվեարկած քաղաքացիների կամարտահայտման վրա չազդելու համար։ Նախկինում ընտրությունների արդյունքների և անգամ էքզիթպոլերի մասին տեղեկատվություն տարածելու իրավունք չունեին անգամ ԶԼՄ֊ները։
ԿԸՀ֊ն շրջանցել է այս կանոնը։ Մոսկվայի ժամանակով 15։00-ին Հեռավոր Արևելքում քվեարկությունն ավարտված էր։ Ընտրական հանձնաժողովի փոխանցմամբ, Սահմանադրական փոփոխություններին կողմ էր քվեարկել քվեարկությանը մասնակցած քաղաքացիների ավելի քան 83 տոկոսը, դեմ՝ 15,75 տոկոսը։ Սախալինում կողմ քվեարկել է 74,02 տոկոսը, դեմ՝ 24,66։
Մոսկվայի բնակիչներից մեկը համացանցում լուսանկար է տարածել, որում երևում է քվեաթեթրիկների արկղը, որը տեղամասը հավաքելուց հետո մնացել է բակում։
- Սահմանադրական փոփոխությունների ծրագիրը հունվարին առաջարկել էր նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այն ժամանակ նա հայտարարեց, որ այդ փոփոխությունները պետք է հաստատվեն ժողովրդական քվեարկությամբ, չնայած օրենքը դա չի պահանջում։
- Նոր սահմանադրությամբ նախատեսվում է զրոյացնել Պուտինի պաշտոնավարման ժամկետները, հնարավորություն ընձեռնելով նախագահել մինչև 2036 թվական։
- Ընդդիմությունն այս քվեարկության հետ կապված միացյալ դիրքորոշում չունի․ Կոմունիստական կուսակցությունն ու «Ոչ» շարժումն առաջարկում են դեմ քվեարկել, Ալեքսեյ Նավալնին ու «Յաբլոկո» կուսակցությունը հորդորում են բոյկոտել քվեարկությունը։