Այսօր՝ նոյեմբերի 9 ին, Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի և Ռուսաստանի նախագահի միջև հայտարարություն է ստորագրվել, որով հայտարարվել է զինադադար և ռազմական բոլոր գործողությունների դադարեցում՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ից։
Տեղեկությունը քիչ առաջ տեսաուղերձով հաստատել է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմի Պուտինը։
Պուտինը նշել է, որ, համաձայն որոշման, Ադրբեջանն ու Հայաստանը պետք է կանգ առնեն իրենց կողմից զբաղեցրած դիրքերում։
Լեռնային Ղարաբաղի շփման գծում, նաև՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջացքների երկայնքով պետք է տեղակայվեն Ռուսաստանի դաշնության խաղաղապահ ուժեր։
Ներքին տեղահանվածների և փախստականների վերադարձը Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ իրականացվելու է ՄԱԿ-ի փախստականների հարցերով բարձրագույն հանձնակատարի վերահսկողության ներքո։ Տեղի է ունենալու նաև ռազմագերիների, ձերբակալված այլ անձանց և զոհվածների դիակների փոխանակում։
Բոլոր տնտեսական ու տրանսպորտային կապերը ապաշրջափակվելու են։ Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականցվելու է Ռուսաստանի սահմանապահ ծառայության օրգանների մասնակցությամբ։
«Մենք ելնում ենք նրանից, որ ձեռք բերված համաձայնություններն անհրաժեշտ բոլոր պայմանները կստեղծեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական ու ամբողջական կարգավորման համար՝ արդարության հիմքով, հայ ու ադրբեջանցի ժողովուրդների շահերին համապատասխան», – եզրափակել է Ռուսաստանի նախագահը։
🔴 Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել:
Վարչապետը նշել էր, որ հայտարարության տեքստը, որ արդեն հրապարակվել է, անասելի ցավոտ է անձամբ իր և ժողովրդի համար:
«Այդ որոշումը կայացրել եմ ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանն ամենալավը տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում: Նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա ՀՆԱՐԱՎՈՐ ամենալավ հանգուցալուծումն է: Այս ամենի մասին առաջիկա օրերին հանդես կգամ մանրամասն ուղերձով:
Սա հաղթանակ չէ, բայց չկա պարտություն, քանի դեռ ինքդ քեզ պարտված չես ճանաչել: Մենք մեզ երբեք պարտված չենք ճանաչի և սա պետք է դառնա մեր ազգային համախմբման, վերածննդի դարաշրջանի մեկնարկ:
Մենք պետք է վերլուծենք մեր անկախության տարիները, մեր ապագան պլանավորելու և անցյալի սխալները չկրկնելու համար:
Ծնկի եմ իջնում մեր բոլոր նահատակների առաջ: Խոնարհվում եմ մեր բոլոր այն զինվորների, սպաների, գեներալների, կամավորների առաջ, ովքեր իրենց կյանքով են պաշտպանել ու պաշտպանում հայրենիքը: Նրանք իրենց անձնուրացությամբ փրկել են արցախահայությանը», – ֆեյսբուքի իր էջուն գերլ էր վարչապետը:
🔴 Նրա գրառմանը հաջորդել էր Ղարաբաղի նախագահ Արարայիկ Հարությունյանի պարզաբանումը։
«Հաշվի առնելով ներկա ծանրագույն վիճակը և խուսափելու համար հետագա մարդկային մեծաքանակ կորուստներից և Արցախն ամբողջությամբ կորցնելուց՝ ես տվել եմ իմ համաձայնությունը ժամ առաջ դադարեցնելու պատերազմը», — գրել էր Հարությունյանը։
🔴 Փաշինյանի և Հարությունյանի հայտարարություններին գրեթե անմիջապես նախորդել են փողոցային անկարգությունները․ մի խումբ մարդիկ, գերակշռող մասը՝ երիտասարդ տղամարդիկ, հավաքվում են քաղաքի կենտրոնում․ սկսվել են ջարդեր։