Home / Հայաստան / Երևանի Յան Ռայնիսի փողոցի փլուզված շենքի բնակիչները բնակարանի գնման վկայագրեր են ստացել

Երևանի Յան Ռայնիսի փողոցի փլուզված շենքի բնակիչները բնակարանի գնման վկայագրեր են ստացել

Յան Ռայնիսի փողոցի N1 փլուզված շենքի 12 բնակիչներ բնակարանի գնման վկայագրեր են ստացել։ Այս մասին հայտնում է Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

Գերատեսչությունը բնակարանի գնման վկայագրեր է տրամադրել 2020 թ.-ի օգոստոսի 26-ին Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Յան Ռայնիսի փողոցի N1 շենքի 12 փլուզված բնակարանների սեփականատերերին:

Աջակցության չափն, ըստ պաշտոնական հաղորդագրության, հաշվարկվել է՝ հիմքում ընդունելով փլուզված բնակարանի մակերեսները և ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված՝ 1 քառ. մետրի համար ձևավորված շուկայական միջինացված գնի տվյալները՝ 333 հազ. դրամ՝ 1քմ-ի համար:

Կառավարության որոշման համաձայն, եթե նոր ձեռք բերվող բնակարանի արժեքն ավելի ցածր է, խնայված գումարը մնում է շահառուին: Եթե գնվող բնակարանի արժեքը գերազանցում է վկայագրով տրամադրվող աջակցությանը, ապա շահառուն կարող է նաև հավելյալ գումար ավելացնել կամ ձեռք բերել այն հիպոթեկային վարկավորման միջոցով:

«Հիշեցնենք, որ բնակարանների գնման վկայագրերի համար անհրաժեշտ գումարը հատկացվել էր ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ վկայագրերի տրամադրման գործընթացի իրականացումը ևս վերապահելով նախարարությանը», ֊ ասված է հաղորդագրության մեջ։