Հայաստանի ԱԺ փոխխոսնակը կարծում է, որ Ադրբեջանն արհեստականորեն ձգձգում է հայ ռազմագերիների ու պատանդների փոխանակումը։ Ռուսաստանը գերիների ու զոհվածների մարմինների փոխանակման գործընթացի «միտումնավոր ձգձգում չի տեսնում»։ Ադրբեջանը հայտարարում է, որ համաձայն է «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքին։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի կարծիքով՝ փոխանակման ընթացն արագացնելու համար կան «օբյեկտիվ դժվարություններ»։
«Մենք շահագրգռված ենք, որ մարդասիրական այս խնդիրը հնարավորինս արագ լուծվի: Այս հարցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ [զրույցում] անդադար բարձրացվում է Հայաստանի վարչապետ Փաշինյանի կողմից: ․․․Հաշվի առնելով տեղանքի ռելիեֆը և այն, թե ինչպես են զարգացել ռազմական գործողությունները, շատ դժվար է անմիջապես դրանց ավարտից հետո զբաղվել այս հարցով՝ հատկապես երբ բացակայում են անհետ կորածների հստակ ցուցակները։ Գործընթացի միտումնավոր ձգձգում չենք տեսնում», – ասել է Լավրովը։
Հայաստանի ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը այլ կարծիքի է։ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին նա հայտարարել է, որ Ադրբեջանն արհեստականորեն ձգձգում է հայ ռազմագերիների ու պատանդների փոխանակումը։ Տեսակոնֆերանսի ընթացքում Սիմոնյանն ընդգծել է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, որով հնարավոր եղավ կանխել արյունահեղությունը, պետք է սկսվեր հումանիտար բնույթի կարևոր խնդիրների լուծումը, բայց ադրբեջանական կողմը մինչ օրս ընդառաջ չի գնում Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հայտարարությամբ ամրագրված 8-րդ կետի կատարմանը։
«Հայտարարության 8-րդ կետը նախատեսում է՝ մեջբերում եմ «ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց, նաև զոհվածների դիերի փոխանակում»։ Այդ պրոցեսը պետք է սկսվեր հայտարարության ստորագրումից անմիջապես հետո, մինչդեռ մենք խորը ցավով ստիպված ենք արձանագրել, որ Ադրբեջանն արհեստականորեն ձգձգում է գործընթացը։ Այսօր սա ամենացավոտ խնդիրն է, որը պահանջում է հրատապ լուծում․․․ Այս կապակցությամբ կոչ եմ անում օգտագործել ձեր բարձր դիրքը և ձեր հեղինակությունը, որպեսզի ազդեք ադրբեջանական կողմի վրա և հորդորեք այսօր ևեթ սկսել ռազմագերիների հանձնման գործընթացն ու երաշխավորել նրանց՝ Ժնևյան կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները», – նշել է Սիմոնյանը։
Ավելի ուշ հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի ռազմագերիների, պահվող անձանց և անհետ կորածների հարցերով հանձնաժողովը։
Հանձնաժողովը հայտարարել է, որ Ադրբեջանը հանդես է գալիս գերիների և այլ պահվող անձանց փոխանակման «բոլորը բոլորի դիմաց» դիրքերից, և վերահաստատել Հայաստանի հետ այդ ձևաչափով գերիների փոխանակման մտադրությունը:
«Բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը Ադրբեջանի կողմից հիշատակվում էր նաև պատերազմից առաջ։ Մինչև պատերազմը այդ ձևաչափով փոխանակմանը հայկական կողմը չէր համաձայնում։ Հայաստանը, մասնավորապես, մերժում էր չճանաչված Արցախի Հանրապետության դատաիրավական համակարգի կողմից (իբրև դիվերսանտ) ցմահ և 20 տարի ազատազրկման դատապարտված Դիլգամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին վերադարձնելու պահանջը։ Ադրբեջանը ի պատասխան հրաժարվում էր հայկական կողմից հանձնել հայ (ռազմա)գերիներին։