Էստոնիայի վարչապետ և իշխող Կենտրոնական կուսակցության ղեկավար Յուրի Ռատասը հրաժարական է ներկայացրել։ Պատճառն իր կուսակցության որոշ ներկայացուցիչների հետ կապված կոռուպցիոն սկանդալն է։
Այսօր ավելի վաղ երկրի գլխավոր դատախազ Տաավի Պեռնը հայտարարել էր, որ ըստ հետաքննության արդյունքների՝ ձեռնարկատեր Հիլար Տեդերն ու կուսակցության գլխավոր քարտուղար Միխայիլ Կորբը անցյալ տարի համաձայնության են եկել, որ Տեդերը ՏԻՄ ընտրություններից առաջ 1 մլիլիոն եվրո նվիրաբերեր կուսակցությանը, փոխարենը իր հետ կապված «Porto Franco» 40 միլիոն եվրոյի վարկ ստանար KredEx պետական ֆոնդից։ Տեդերը սեպտեմբերի 1-9 ընկած ժամանակահատվածում երկու նվիրատվություն է կատարել կուսակցությանը՝ 30 000-ական եվրո արժեքով։ Այս մանրամասների բացահայտումից հետո Կորբը ևս հրաժարական է տվել։
Իսկ վերոնշյալ վարկը հաստատվել է սեպտեմբերի 3-ին։ Կասկածյալներից չորսն արդեն ձերբակալված են։
Ռատասը նշել է, որ որ որպես վարչապետ «ինքը չարամիտ կամ կանխամտածված կերպով սխալ որոշումներ չի կայացրել», և որ գլխավոր դատախազն ու անվտանգության ոստիկանության գլխավոր տնօրենը հաստատել են, որ իր դեմ բողոքներ չունեն:
«Դատախազության կողմից այսօր հրապարակված կասկածները չեն նշանակում, որ ինչ-որ մեկը միանշանակ մեղավոր է, սակայն դրանք անխուսափելիորեն լուրջ ստվեր են գցում բոլոր ներգրավվածների վրա: Նման իրավիճակում ճիշտ որոշումը հրաժարականն է, ինչը հնարավորություն կտա լույս սփռել բոլոր հանգամանքների վրա և հասնել որոշակի հստակության»,- նշել է վարչապետը։
Ռատասը Էստոնիայի կառավարությունը գլխավորում էր 2016-ի նոյեմբերից: