Էնթոնի Բլինքենը դարձավ ԱՄՆ 71-րդ պետքարտուղարը։
Միացյալ Նահանգների Սենատը նախօրեին հաստատել է Էնթոնի Բլինքենի թեկնածությունը երկրի պետքարտուղարի պաշտոնում։
Բլինքենը երկար տարիներ զբաղեցնում է Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնը։ Բարաք Օբամայի նախագահության օրոք եղել է Պետքարտուղարության ղեկավարի տեղակալ։
2014 թվականին (Ղրիմի՝ Ռուսաստանի կողմից բռնակցման տարիներին) առանցքային դերակատարություն է ունեցել Վաշինգտոնի արտաքին քաղաքականության մեջ։ Հայտնի է որպես Կրեմլի «խիստ քննադատ»։ Մասնակցել է նաև «Ալ-Ղաիդա» խմբավորման պարագլուխ Ուսամա բեն Լադենի և «Իսլամական պետության» դեմ գործողությունների մշակմանը։ Բլինքենը պատասխանատու էր Պակիստանի, Աֆղանստանի, Իրանի միջուկային ծրագրի հարցերով ամերիկյան քաղաքականության համար։
Անցած շաբաթ՝ Սենատում տեղի ունեցած լսումների ընթացքում, դիվանագետը պատասխանել է նաև ղարաբաղյան հակամարտությանն առնչվող հարցերին և հավաստիացրել՝ պետքարտուղարի պաշտոնում նոր լիցք կհաղորդի Ղարաբաղի խնդրի հարատև կարգավորմանն ուղղված ԱՄՆ ջանքերին՝ երաշխավորելով Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը և բացառելով նոր պատերազմի բռնկումը:
Դիվանագետը հայտարարել է նաև, որ Բայդենի վարչակազմը մտադիր է վերանայել Ադրբեջանին հատկացվող ամերիկյան անվտանգային աջակցությունը։
Բլինքենը մեկ այլ հարցի պատասխանելով՝ հայտարարել է, թե Բայդենի վարչակազմը լիովին պատրաստ է «հակազդելու բռնապետական երկրների և նոր տեխնոլոգիաների սպառնալիքներին», հիշատակել Չիանաստանին, Ռուսաստանին և «այլ ավտորիտար երկներին», խոսել «կայուն և բաց միջազգային համակարգին սպառնացող վտանգների խորացման» և «մեր կյանքի բոլոր ասպեկտները վերափոխող տեխնոլոգիական հեղափոխության» մասին։