Home / Հայաստան / Զրպարտության համար տուգանքը եռապատկվում է․ լրագրողական հկ-ները դեմ են

Զրպարտության համար տուգանքը եռապատկվում է․ լրագրողական հկ-ները դեմ են

Լրագրողական կազմակերպությունները Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին կոչ են անում չստորագրել «Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը և ուղարկել այն Սահմանադրական դատարան՝ որոշելու դրա համապատասխանությունը Սահմանադրությանը։

Մարտի 24-ին խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի օրենսդրական նախագիծը՝ եռապատկելով վիրավորանքի և զրպարտության համար նախատեսվող դրամական փոխհատուցումը։ Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո զրպարտության փոխհատուցման չափ կսահմանվի նվազագույն աշխատավարձից մինչև 6 մլն, իսկ վիրավորանքի համար՝ մինչև 3 մլն դրամ։

Լրագորղական կազմակերպությունները վստահ են՝ հաշվի առնելով իշխանության ներկայացուցիչների, քաղաքական գործիչների և այլ հայտնի մարդկանց հակվածությունը՝ նույնիսկ օբյեկտիվ քննադատությունն ընկալել որպես վիրավորանք ու զրպարտություն, և դատական համակարգի հետ կապված բազմաթիվ խնդիրների առկայությունը՝ նման հայցերով վճիռները կարող են ճակատագրական լինել ԶԼՄ-ների հետագա գործունեության համար։

«Ակնհայտ է, որ այս օրենսդրական փոփոխությամբ խաթարվում է հավասարակշռությունը Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով նախատեսված արտահայտվելու ազատության իրավունքի և 8-րդ հոդվածով պաշտպանված մարդու արժանապատվության՝ որպես անձնական կյանքի բաղկացուցչի միջև։ Անտեսվում է նաև ՀՀ սահմանադրական դատարանի 2011 թվականի նոյեմբերի 15-ի թիվ 997 որոշման այն կարևորագույն դրույթը, համաձայն որի՝ հրապարակումներում տեղ գտած վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցում նշանակելիս անհրաժեշտ է հաշվի առնել ԶԼՄ-ների ֆինանսական վիճակը, որպեսզի պատասխանատվությունը չհանգեցնի նրանց սնանկացմանը», – ասված է տարածած հայտարարությունում։

Հայտարարության հեղինակները կոչ են արել միջազգային կազմակերպություններին՝ հրապարակայնորեն դիրքորոշում արտահայտել վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցման չափերին վերաբերող օրենսդրական փոփոխությունների առնչությամբ և հորդորել իշխանություններին՝ վերանայել «խոսքի ազատությանը սպառնացող այս և այլ նախաձեռնությունները»։

Հայտարարությունը ստորագրել են Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Երևանի մամուլի ակումբը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը և 8 այլ լրագրողական կազմակերպություններ։