Ռուսաստանի սահմանները փակվեցին անցյալ տարվա գարնանը, որպես հետևանք՝ շեշտակի նվազեց նաև հետխորհրդային երկրիներից աշխատանքային միգրանտների հոսքը։ 2019 թվականի համեմատ՝ 2020-ին Ռուսաստանում միգրանտների թիվը կրճատվել է մոտ 25 տոկոսով և մինչ այժմ չի վերականգվել։ Ե․ Հայդարի անվան Տնտեսական քաղաքականության ինտիտուտի զեկույցի համաձայն, Ռուսատան չի հասել շուրջ 3 միլիոն միգրանտ․ զեկուցագրերի պնդմամբ՝ սա վերջին տասնամյակների ամենացածր ցուցանիշն է։
Երկրում ապաստանած միգրանտները, միևնույն ժամանակ, բախվել են մեկ այլ խնդրի․ անցյալ տարվա ապրիլին գրեթե ամբողջությամբ կանգնել էր շինարարությունը, մանր և միջին ձեռնարկություններն անժամկետ փակվել էին, կասեցվել էր նաև սպասարկման ոլորտի աշխատանքը։ Աշխատավորներից շատերը մնացել էին առանց ապրուստի միջոցի։ Իշխանության ձեռնարկած քայլերը (երկրում գտնվելու իրավունքն, օրինակ, երեք ամսով երկարաձգվեց) առանձնապես չէին օգնում, հատկապես եթե հաշվի առնենք, որ, ըստ վիճակագրության, եկամուտի մոտ 45 տոկոսը միգրանտները ուղարկում են հայրենիքում մնացած իրենց ընտանիքներին և, որպես կանոն, կուտակած միջոցներ չեն ունենում։
Ամռանը տնտեսությունը կամաց-կամաց սկսեց վերակենդանանալ։
«Նովայա գազետայի» հետ զրույցում ՏԲԴ (ռուս.՝ ВШЭ) Ժողովրդագրության ինստիտուտի ղեկավարի տեղակալ Միխայիլ Դենիսենկոն նշում է, որ միգրանտներից շատերն այս պայմաններում սկսեցին աշխատել ֆիզիկական անձանց մոտ, կրկին՝ որպես բանվոր կամ շինարար։ Աստիճանաբար բացվեց նաև հանրային սննդի ոլորտը, որտեղ նույնպես աշխատողների կարիք կար։ Ընդլայնվեցին հատկապես սուրհանդակային ծառայությունները։
Միգրանտներից շատերը սկսեցին աշխատել որպես կուրյեր՝ շինարարի ծանր աշխատանքը փաստացի փոխարինելով ավելի թեթև և ավելի եկամտաբեր աշխատանքով։
Ժողովրդագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող Յուլիա Ֆլորինսկայան նույն աղբյուրի հետ զրույցում նշում է, որ իրավիճակը փոխվեց նաև այն առումով, որ շինարարական կազմակերպությունները, որ մինչ այդ՝ հաշվի առնելով առաջարկը, ինչ-որ իմաստով շատ երես առած էին, ստիպված էին ջանք գործադրել՝ շինարարությունն ավելի գրավիչ դարձնելու համար։
Կարանտինից հետո վերագործարկված շինհրապարակները սկսեցին ամայանալ։
Շինարարությունում ներգրավված էր Ռուսաստան եկող արտագնա աշխատողների շուրջ մեկ քառորդը։ Բանվորների դեֆիցիտի պատճառով շինարարների աշխատավարձերը, ըստ «Նովայա»-ի, այժմ գրեթե մեկ երրորդով բարձրացել են, ինչը նաև նորակառույցների թանկացման պատճառներից մեկն է (կանխատեսվում է, որ 2021-ի վերջին գնաճը մոտ 15 տոկոս կկազմի)։
Ռուսաստանի Շինարարաների ազգային ասոցիացիայի ղեկավար Անտոն Գլուշկովը նշում է, որ, եթե հաշվենք միայն այն միգրատներին, որոնք գրանցված աշխատող էին, շինարարական ընկերություններում աշխատատեղերը գրեթե 5 անգամ կրճատվել են։ Արդյունքում Մոսկվայում շինարարի ծառայությունների վարձատրությունը բարձրացել է միջինում 30-35 տոկոսով՝ մինչև 50-70 հազար ռուբլի։ Մեծացել է, սակայն, նաև աշխատակազմի աշխատանքային բեռը։
Չնայած գործազրկության ռեկորդային աճին և աշխատավարձների բարձրացմանը, միգրանտներին ռուսաստանցի աշխատողներն այդպես էլ չփոխարինեցին։ Դեֆիզիտը պահպանվում է առ այսօր․ մոսկովյան շինհրապարակներում, ըստ ռուսական «Իզվեստիա» թերթի, անհրաժեշտ աշխատուժի մինչև 50%-ը չի հերիքում։ Նման իրավիճակ է նաև այլ ոլորտներում, որտեղ արտագնա աշխատանքը մեծ նշանակություն ունի՝ գյուղատնտեսության, համայնքային աշխատանքներ (աղբահանություն և այլն)։
Ռուսաստանցիները, ամեն դեպքում, էժան աշխատուժի շուկայում միգրանտներին փոխարինելու մեծ էնտուզիազմ չեն ցուցաբերում։
Գործատուների համար ռուսաստանցիների աշխատանքն ավելի թանկ արժե (միգրանտները նույն աշխատավարձի դիմաց միջինում 50% ավել են աշխատում)։ Բացի այդ՝ ռուսաստանցիների մեծ մասը, ի տարբերություն միգրանտների, սոցիալական փաթեթ և նորմավորված աշխատանքային գրաֆիկ են պահանջում։
ՏԲԴ ժողովդրագրության ինստիտուի հարցումը վկայում է, որ 2020-ին Ռուսաստանում աշխատող միգրատները միջինում 43․2 հազար ռուբլի աշխատավարձ են ստացել՝ ակնկալելով, որ դրանից առնվազն 150 դոլարը պետք է ուղարկեն հայրենիք։
Մյուս խնդիրը, ըստ փորձագետների, ռուսական դեմոգրաֆիկ «փոսն» է, որն, ի դեպ, առկա է նաև Հայաստանի համար։ Թոշակի անցնող մարդիկ քանակապես գերազանցում են աշխատաշուկա դուրս եկողներին (ծնված 1990-2000թթ․)։ Եթե տնտեսությունը զարգանա՝ ստեղծելով նոր աշխատատեղեր, տեղական աշխատաշուկայի ռեսուրսները կարող են չբավարարել։
Ռուսական տնտեսությունը միգրանտների աշխատանքից կախված է 6-7 տոկոսով։
Չի բացառվում, որ այս կախվածությունն առաջիկայում խորանա։
Ռուսաստանի կառավարությանը կից Ֆինանսների համալսարանի պրոռեկտոր Ալեքսանդր Սաֆրոնովը՝ «Նովայա»-ի հետ զրույցում, նշում է, որ եթե ռուսական աշխատաշուկան, որ հիմնվում է էջան և որակավորում չպահանջող աշխատուժի վրա, չվերափոխվի, հավանական է, որ առաջիկայում նոր խնդիրներ ստեղծվեն՝ հաշվի առնելով հետխորհրդային երկների դեմոգրաֆիկ պատկերը (Տաջիկստան, Ղրղստան, Ուզբեկստան և այլն) և ծնելիության անկումը։ Համաճարակն այս առումով, ըստ նրա, պարզապես թեստ էր։
Հետխորհրդային երկների մեծ մասի հետ ավիահաղորդակցություններն արդեն վերականգնվել են, բայց չվերթները դեռևս շատ քիչ են, տոմսերը՝ թանկ։ Քանի դեռ ցամաքային ճանապարհները փակ են, միգրանտների վերադարձը տեղի է ունենալու լուրջ հապաղումներով։
Բացի այդ՝ մարտի վերջին Ռուսաստանի ՆԳՆ-ն հայտարարել է, որ «օտարերկրյա քաղաքացիների հաշվառման միասնական տեղեկատվական հարթակ» է ստեղծում։ Հաշվառումը Ռուսաստանում աշխատանք ստանալու համար կարող է պարտադիր պայման դառնալ։ Գործնականում սա կարող է նոր խնդիրներ և խոչընդոտներ ստեղծել արտագնա աշխատողների համար։