Գրիչներ չեն լինի
Հունիսի 20-ին նախատեսված խորհրդարանական արտահերթ ընտրություններին գրիչներ չեն լինի
Ընտրական օրենսգրքի փոփոխությամբ մեծամասնական ընտրակարգն, ինչպես հայտնի է, վերացվեց, գալիք ընտրություններն անցնելու են պարզ համամասնական կարգով։ Տարածքային թեկնածուներ այլևս չկան, քաղաքացիները ընտրում են միայն կուսակցություններին/դաշինքներին՝ նախապատվություն տալով դրանցից որևէ մեկի ընդհանուր ցուցակին։
Հաշվի առնելով այս փոփոխությունը, ԿԸՀ համաձայնել է փոխել քվեաթերթիկի նմուշաձևը․ նոր քվեաթերթիկը չի ունենալու հետևի հատված, չեն լինելու տարածքային թեկնածուներ, քվեաթերթիկի վրա որևէ նմուշ այսուհետ չի կատարվելու, գրիչ չի օգտագործվելու:
Ընտրողներն առանձնացնելու են իրենց նախընտրած քաղաքական ուժի անունով տպագրված առանձին թերթիկը և դնելու են ծրար, որից հետո արդեն փակված ծրարը գցվելու է քվեատուփի մեջ։
Այս մասին հայտնի է դարձել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այսօրվա նիստից հետո, որի ընթացքում հաստատվել են ընտրությունների միջոցառումների ցանկը և տեխնիկական մի շարք ընթացակարգերը։
Տեսախցիկներ
Նախատեսվում է, որ (ավելի քան 2 հազար ընտրատեղամասերից) առնվազն 1500-ում կտեղադրվեն ուղիղ հեռարձակում ապահովող տեսախցիկներ։
Խոսքը, ինչպես և նախորդ ընտրություններին, այն տեղամասերի մասին է, որտեղ քվեարկում է ընտրողների ճնշող մեծամասնությունը․ «Միայն հեռավոր բնակավայրերում շատ փոքր թվով ընտրողներ ունեցող տեղամասերում է, որ տեսախցիկներ չեն եղել»:
Տեսախցիկների տեղադրումն, ըստ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի, իրականացվում է կառավարության կողմից ընտրված կազմակերպության միջոցով: Այժմ աշխատանքներ են ընթանում։
Ցուցակները կհրապարակվեն մինչև հունիսի 3-ը
Կուսակցություններն ու դաշինքները ընտրություններին գրանցվելու համար ԿԸՀ կարող են փաստաթղթերը ներկայացնել մինչև մայիսի 26-ը ներառյալ։
ԿԸՀ-ն կուսակցությունների և դաշինքների ընտրական ցուցակները կարող է գրանցել մինչև մայիսի 31-ը։ Հանձնաժողովի կայքում դրանք կհրապարակվեն մինչև հունիսի 3-ը։
Արդեն իսկ գրանցված կուսակցություների և դաշինքների ցուցակներում ընդգրկված պատգամավորի թեկնածուներն իրենց եկամուտների և գույքի հայտարարագրերը հանձնաժողովին պետք է ներկայացնեն մինչև հունիսի 5-ը։ Նույն ժամանակահատվածը սահմանված է նաև կուսակցությունների և դաշինքների գույքի և եկամուտի մասին հայտարարագրերը ներկայացնելու համար։
Քարոզարշավը կմեկնարի հունիսի 7-ին
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը կսկսվի հունիսի 7-ին, կավարտվի հունիսի 18-ին՝ ժամը 24:00-ն։
Թեկնածուներն ինքնաբացարկ կարող են հայտնել մինչև հունիսի 10-ը։
Ըստ Մուկուչյանի՝ Ընտրական օրենսգրքի կարգավորումներով քարոզչության կանոնները կարող են խախտել միայն գրանցված թեկնածուները։ Ու թեև քաղաքական ուժերն արդեն իսկ անցել են ակտիվ քարոզչության, ինչը ԸՕ-ի փաստացի խախտում է, դե յուրե ԿԸՀ-ն որևէ բան անել չի կարող, քանի որ նրանք դեռևս գրանցված չեն իբրև թեկնածու։
«Այս պահին մենք որևէ իրավանորմի խախտում չենք կարող արձանագրել»,– հայտարարեց Տիգրան Մուկուչյանը։