հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Բանակ / Սյունիքում բանակցում են, մարտեր չկան․ ՊՆ

Սյունիքում բանակցում են, մարտեր չկան․ ՊՆ

Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ այսօր վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում [խոսքը, ըստ շրջանառվող տեղեկությունների, Սև լճի հատվածի մասին է, որի 30 տոկոսը ադրբեջանական, իսկ 70 տոկոսը՝ հայկական կողմի վերահսկողության տակ է]․ հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականներն այդ աշխատանքները դադարեցրել են։

Այս պահին, ըստ պաշտոնական աղբյուրի, ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ։

«Մամուլում տարածվող տեղեկությունները «Իշխանասարի ուղղությամբ ընթացող մարտերի մասին» չեն համապատասխանում իրականությանը։ Նման զարգացումների դեպքում Պաշտպանության նախարարությունն առաջինը հանդես կգար հայտարարությամբ։ Կոչ ենք անում ձեռնպահ մնալ չճշտված, առավել ևս՝ խուճապ տարածող տեղեկություններ հրապարակելուց», – ասված է ՊՆ հաղորդագրությունում։

լրացում․ 14։42 — Հայտարարությամբ է հանդես եկել նաև Ազգային անվտանգության ծառայությունը։

«ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ Սյունիքի մարզի տարածքում մեկնարկած ու ընթացող մարտերի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներով և սոցիալական ցանցերում տարածվող տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում:

Նկատի ունենալով հիշյալ տեղեկությունների տարածման արդյունքում հանրության շրջանում ձևավորված անհանգստությունները՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը խստորեն զգուշացնում է զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելու, ազգաբնակչության շրջանում խուճապ առաջացնելու և անհարկի լարվածություններ հրահրելու գործելաոճից ու տեղեկացնում, որ նմանատիպ երևույթներն ունենալու են համապատասխան իրավական հետևանքներ՝ ամենախիստ գործիքակազմերի կիրառմամբ», – ասված է ԱԱԾ հաղորդագրությունում: