Home / Բանակ / Երկրորդ պատերազմում գերեվարվածներին դատում են առաջին պատերազմի մեղադրանքներով

Երկրորդ պատերազմում գերեվարվածներին դատում են առաջին պատերազմի մեղադրանքներով

Բաքվի ռազմական դատարանում հունիսի 2-ին կկայան Հայաստանի քաղաքացիներ Լյուդվիգ Մկրտիչի Մկրտչյանի (1969թ․) և Ալյոշա Արամայիսի Խոսրովյանի (1967թ․) գործով առաջին դատական նիստը։ 44-օրյա պատերազմի ընթացքում գերեվարված հայ զինծառայողներին Բաքուն մեղադրում է Ղարաբաղյան առաջին պատերազմում ադրբեջանցի ռազմագերիներին «կտտանքների ենթարկելու» մեջ։ Գործով որպես տուժած 12 ադրբեջանցի է անցնում։ 

Հայ ռազմագերիների գործով մեղադրական եզրակացությունը հաստատվել և Բաքվի ռազմական դատարան է ուղարկվել մայիսի 20-ին։

Նրանք երկուսն էլ գերեվարվել են 2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում։

«Թուրան» լրատվական գործակալության փոխանցմամբ, Լյուդվիգ Մկրտչյանը և Ալյոշա Խոսրովյանը մեղադրվում են Ադրբեջանի ՔՕ 113-րդ (խոշտանգում), 115․2 (պատերազմի կանոնների և սովորույթների խախտում), 279․1 (օրենքով չնախատեսված զինված խմբավորումներ կամ խմբեր ստեղծելը) և 318․2 (Պետական սահմանն ապօրինի հատելը) հոդվածներով։

«Գերեվարված մեր քաղաքացիները ամիսներ շարունակ ապօրինի կերպով պահվում են Ադրբեջանում, իսկ այժմ էլ կեղծ մեղադրանքներ առաջադրելով՝ նրանց փորձում են ենթարկել պատասխանատվության», – ֆեյսբուքի իր էջում գրել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը՝ հավելելով, որ սա «ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի ոտնահարման հերթական կոպտագույն դրսևորում»։

Պատգամավորը հիշեցրել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների մասին, որով կողմերը պայմանավորվում են գերիների և պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձնանց անվտանգ հայրենադարձման շուրջ, նաև՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի և Ժնեւի 3-րդ կոնվենցիայի մասին։

«Փաստացիորեն, չնայած մեր բազմաթիվ պնդումների, չնայած միջազգային կառույցների արձագանքի՝ Ադրբեջանը շարունակում է ոտնահարել մարդու իրավունքները և այժմ էլ հերթական կեղծ մեղադրանքներով փորձում է ձգձգել մեր քաղաքացիների վերադարձը հայրենիք», – գրել է Բաղդասարյանը: