Home / ԼԳԲՏ+ / Ղարաբաղը 3756-րդ տեղում է

Ղարաբաղը 3756-րդ տեղում է

Լեհաստանը 24 «Բայրաքթար» է գնում Թուրքիայից: Այս լուրը կարդալով ահա թե ինչի մասին մտածեցի.

Եվրախորհրդարանն օրերս բանաձև ընդունեց, որով Ադրբեջանից պահաջում է անհապաղ և առանց որևէ նախապայմանների ազատ արձակել հայ զինվորներին, որոնց հայկական կողմը (ինչպես և Եվրախորհրդարանը) համարում է ռազմագերիներ, իսկ ադրբեջանական կողմը՝ ահաբեկիչներ։ Հետաքրքիր չէ, թե ովքեր են կողմ քվեարկել բանաձևին՝ գրեթե բոլորը։ 

Ավելի հետաքրքիր է՝ ով է դեմ քվեարկել։

Դեմ քվեարկած պատգամավորերի ցուցակը մոտավորապես այսպիսին է՝ Ռիշարդ Չառնեցկի, Բեատա Մազուրեկ, Իոախիմ Բրուձինսկի, Աննա Զալևսկա, Դոմինիկ Տարչինսկի, և այսպես շարունակ։ 

Ովքե՞ր են բոլոր այս մարդիկ։ Ճնշող մեծամասնությունը լեհեր են, երկրորդը՝ Լեհաստանում իշխող «Իրավունք և Արդարություն» կուսակցության ներկայացուցիչներ։ Կարճ ասած՝ քրիստոնյա պահպանողականներ։ 

Ինչպե՞ս բացատրել տեղի ունեցողը։ Հասկանալի է, որ այլ պայմաններում Վարշավայի քրիստոնյա պահպանողականներն ավելի շուտ կաջակցեին քրիստոնյա հայերին, քան մուսուլման ադրբեջանցիներին։ Այնուամենայնիվ, նրանք փաստացի խոսում են Բաքվի, այլ ոչ Երևանի օգտին։  Իմ կարծիքով, դա կապված է հետևյալ հանգամանքների հետ։

Յուրաքանչյուր իրեն հարգող երկիր ինչ-որ սրբազան պատերազմ է մղում։ Հայաստանն էլ մղում է իրենը՝ հանուն Արցախի սուրբ հողի։ Եվ Հայաստանի համար դա թիվ 1 առաջնահերթություն է։ Բայց կարելի՞ է արդյոք համարել, որ այդ հարցն առաջնային է բոլորի համար։ Վստահ չեմ։ Կարծում եմ, որ Լեհաստանի առաջնահերթությունների ցուցակում Ղարաբաղը զբաղեցնում է մոտավորապես 3756-րդ տեղը։ 

Ղարաբաղը չի հուզում Լեհաստանին, քանի որ այն ամբողջապես կլանված է սեփական սրբազան պատերազմով։ Դատելով լեհական իշխանության բազմաթիվ ակնարկներից և խոսակցություններից՝ նրանք իրավիճակը մոտավորապես այսպես են պատկերացնում․ «Լեհաստանը Հին Եվրոպայի վերջին բաստիոնն է, որը դեռ կապիտուլյացիայի չի ենթարկվել Globo-Homo Super State-ի առաջ։ Նահանջելու տեղ չկա՝ հետևում Վարշավան է։ Այնպես որ կանգուն կմնանք մինչև վերջ՝ քանի դեռ բաբախում է վերջին լեհի սիրտը։ Tak nam dopomóż Bóg»։

Լուրերում պարբերաբար բուսնում են Լեհաստանի և արևմտաեվրոպական երկրների միջև կոշտ հակամարտության ապացույցները։ Օրինակ՝ իրենց ԼԳԲՏ-ից ազատ հռչակող լեհական քաղաքների պես, որոնք այդ պատճառով զրկվում են Բրյուսելի աջակցությունից։ Ընդհանուր առմամբ՝ տպավորություն կա, որ լեհական և բրյուսելյան էլիտաների միջև տարաձայնություններ կան հողային հարցի շուրջ։ Ասենք՝ երբ 2010-ին հուղարկավորում էին Սմոլենսկի ավիավթարում զոհված Լեհ և Մարիա Կաչինսկիներին, արևմտյան Եվրոպայի երկրների առաջնորդներն ընկերաբար անտեսեցին թաղումը։ Յանի՝ ներող, այստեղ Էյաֆյադլայոկյուդլ հրաբուխն է ժայթքում, գալ չենք կարող։ Զվարճալի է, իմիջիայլոց, որ Մարոկկոյի ներկայացուցիչները ժամանեցին․ հավանաբար, նրանց մոռացել էին տեղեկացնել ժայթքման մասին։

Էսքանն ինչի՞ համար եմ ասում։ Եթե դուք Լեհաստանի ղեկավարությունն եք ու Globo-Homo Super State-ի դեմ սրբազան պատերազմ եք մղում, և այդ «state»-ը մարմնավորում են Բեռլինն ու Բրյուսելը, ապա ձեզ, ինչ ուզում է լինի, դաշնակիցներ են պետք։ Նման դասավորության մեջ տարբերակներն այդքան էլ շատ չեն։ Մեծ հաշվով՝ ընդամենը երկուսը․ Պուտին և Էրդողան։ Պուտինին, հասկանալի է, բացառում ենք, նշանակում է՝ Էրդողանից բացի հորիզոնում այլ տարբերակ չի երևում։ 

Սենց մի բան։ Ու ստացվում է, որ Վարշավայի քրիստոնյա պահպանողականներն իրենցից ներկայացնում են Եվրախորհրդարանի առավել հետևողական ադրբեջանամետ խմբակցությունը։ 

Կամիլ Գալեև, պատմաբան