Կառավարությունն այսօրվա նիստին չզեկուցվող հարցերի փաթեթով որոշում է ընդունել, որով 106 միլիոն դրամի չափով մաքսատուրքից ազատման արտոնություն կտրամադրվի ԱԺ նախկին պատգամավոր, բիզնեսմեն Սամվել Ալեքսանյանի (առավել հայտնի է «Լֆիկ» մականվամբ) դստերը՝ Աստղիկ Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Տեքստիլ» ընկերությանը։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 2 մլրդ դրամ: Այս հաշվարկով՝ արտոնությունը կկազմի 106 միլիոն դրամ։
Գործադիրի հիմնավորմամբ՝ ընկերությունը շուտով շահագործման է հանձնելու «գերհզոր և ժամանակակից սարքավորումներով հագեցած» զուգագուլպայի արտադրամաս, որը հնարավորություն կտա ստեղծելու 80 նոր աշխատատատեղ՝ 167 000 դրամ միջին աշխատավարձով։ Կառավարությունը որոշել է, որ ընկերությանը կարելի է ազատել նաեւ տուրքերի մի մասից։
Նախնական տվյալներով՝ մինչև 2024 թվականը նախատեսվում է ստեղծել շուրջ 4 մլրդ դրամի արտադրանք, որից 20%-ը իրացվելու է Հայաստանի տարածքում, 80%-ը՝ արտահանվելու միջազգային շուկա, 50%-ը՝ Ռուսաստան, իսկ 30%-ը՝ ԵՄ երկրներ: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 2․1 մլրդ դրամի ներդրում հումքի և նյութերի, ինչպես նաև՝ հավելյալ 1․2 մլրդ դրամ նոր սարքավորումների ձեռքբերման համար:
Ալեքսանյանի դստեր ընկերությունը մաքսատուրքերից ազատվել էր նաև 2018 և 2019 թվականներին։ 2019-ին տրամադրված արտոնությունը կազմում էր 1 մլրդ 177 միլիոն դրամ։