Home / Հայաստան / Աֆղանստանի ցույցերն ընտրում են ժողովրդավարությունը, այլ ոչ Թալիբանն ու Պակիստանը

Աֆղանստանի ցույցերն ընտրում են ժողովրդավարությունը, այլ ոչ Թալիբանն ու Պակիստանը

Արցունքաբեր գազ, կրակոցներ, զոհեր․ վերջին շաբաթվա ընթացքում Աֆղանստանի խոշոր քաղաքներում՝ Քաբուլում և Հերատում, տասնյակ կանայք դուրս են գալիս բողոքի ցույցերի՝ ընդդեմ «Թալիբանի» իշխանության, Պակիստանի միջամտության, կանանց բռնաճնշման, ինքնադատաստանների և նախկին «էմիրության» վերակենդանացման․․․

Քաբուլ

Բողոքի հերթական ցույցը տեղի ունեցավ երեքշաբթի՝ Աֆղանաստանի մայրաքաղաք Քաբուլում։ Տեսագրություններում երևում է, ինչպես են տասնյակ ցուցարարներ փախչում հրապարակից․ ֆոնին լսվում են ինտենսիվ կրակոցների ձայներ։

Ցույցի մասնակիցները պահանջում են երաշխավորել կանանց ազատություններն ու անվտանգությունը՝ կրթության, աշխատանքի, ազատ տեղաշարժի իրավունքը, վերջ տալ ինքնադատաստաններին։ 

Հնչում են նաև հակապակիստանական լոզունգներ․ Պակիստանը համարվում է Թալիբանի հիմնական հովանավորներից մեկը, ցուցարարները հարևան երկրին մեղադրում են Աֆղանստանի ներքին կյանքին ակտիվ միջամտելու և զինյալների հետ փոխկապակցվածության մեջ։

Պակիստանի հետախուզուական ծառայության (ISI) ղեկավարը վերջերս ժամանել էր Քաբուլ և հանդիպել թալիբների առաջնորդներին։ Վերջին ակցիա կապված էր նաև այս իրադարձության հետ։

Երեքշաբթի ցույցի էին դուրս եկել նաև մեծաթիվ տղամարդիկ․ նախորդ հավաքներին մասնակցում էին հիմնականում միայն կանայք։

Կանանց՝ փողոց դուրս գալու, քաղաքական ակցիաներ անելու, բաց դեմքով տեսախցիկների առջև կանգնելու փաստն ինքնին «Թալիբանի» հեղինակությանը հարվածելու ծանրակշիռ հայտ է։ Թալիբների նախորդ Էմիրության օրոք առանց տղամարդու ուղեկցության կանանց արգելվում էր անգամ երևալ հանրային վայրերում, իսկ տեսա- կամ լուսանկարահանվելն արգելված էր առհասարակ բոլորին – այժմ, երբ Թալիբանը «պայքարում» է միջազգային ճանաչման համար, մարդու իրավունքների և հատկապես կանանց խնդիրը ամենաարծարծվողներից է աշխարհաքաղաքական օրակարգում։ Թեև թալիբները պարբերաբար հավաստիացնում են, որ հին բարքերը կվերանայվեն և կանայք այս անգամ չեն զրկվի սովորելու, աշխատելու և քայլելու հնավորությունից, հետզհետե ներմուծվող նոր սահմանափակումները և անորոշ վերապահումները մեծ հույսեր չեն ներշնչում։ Պակիստանի դերի առանձնահատուկ շեշտադրումն էլ ավելի է սրում բողոքի ցույցերի քաղաքական լիցքը։

Ըստ տեղական Tolo News-ի՝ երեքշաբթի բողոքի ցույցը մեկնարկել է առանց խոչընդոտների։ Սկզբում թալիբները ոստիկանական մեքենաներով պարզապես ուղեկցել են ցուցարարներին, ավելի ուշ, սակայն, արգելել են տեսանկարահանումը (Tolo News օպերատորը՝ տեղական և արտասահմանյան լրագրողների հետ միասին,  բերման է ենթարկվել) և սկսել կրակել երկինք։

BBC-ի տրամադրության տակ հայտնված տեսանյութում, ըստ գործակալության, երևում է՝ ինչպես են Թալիբանի զինյալները կրակում երկինք, թեև շարժման քաղաքական ղեկավարությունը դեռ անցյալ շաբաթ արգելել էր այս սովորությունը․ սեպտեմբերի սկզբին հաղորդվում էր, որ թալիբների՝ երկինք արձակած կրակոցներից (զինյալներն այդկերպ հրաժեշտ էին տալիս ամերիկյան զորքերին և տոնում «Արևմուտքի պարտությունը) մի քանի մարդ է զոհվել․․․

Սեպտեմբերի 4-ի բողոքի ցույցն ավելի սակավամարդ էր։ Ըստ հաղորդումների՝ մասնակիցները՝ մի քանի տասնյակ կանայք, փորձել են մոտենալ նախագահական նստավայրին, զինյալները արցունքաբեր գաղ, պղպեղի հեղուկացիրներ և էլեկտրաշոկերներ են կիրառել, ցույցը ցրվել է․․․

Հերատ

Հերատում սեպտեմբերի 7-ին տեղի ունեցած բողոքի ցույցի ընթացքում առնվազն 2 մարդ է զոհվել։ Երկուսն էլ՝ հրազենային վիրավորումից։

Կենտրոնական հիվանդանոցի բժիշկներից մեկը France press-ի հետ զրույցում հաստատել է տեղեկությունը։ Ըստ նրա՝ ընդհանուր առմամբ ցույցից հիվանդանոց են տեղափոխել 8 հոգու՝ հրազենային վիրավորումով, և 2 զոհերի։

Ով է կրակել՝ դեռևս հայտնի չէ։

https://twitter.com/ProlificGlobal/status/1435292458133381126