Home / Կանանց իրավունքներ / Մեծ նվեր Կրեմլին․ 15 տարի առաջ սպանվեց Աննա Պոլիտկովսկայան

Մեծ նվեր Կրեմլին․ 15 տարի առաջ սպանվեց Աննա Պոլիտկովսկայան

15 տարի առաջ այս օրը՝ Մոսկվայի իր տան շքամուտքում, սպանվեց լրագրող, իրավապաշտպան Աննա Պոլիտկովսկայան։

Պոլիտկովսկայան գրում էր չեչենական պատերազմների, ռուսական զորքերի և դրանց կողմն անցած նախկին ապստամբների հանցագործությունների, չեչենների «լիկվիդացման»՝ դաշնային ուժերի «օպերացիաների», կգբշնիկների իշխանության նոր՝ արդեն հետխորհրդային վերարտադրության մասին։ Աշխատում էր չեչենական պատերազմներում տղաներին կորցրած մայրերի հետ, զբաղվում ռազմագոտուց մարդկանց տարհանմամբ, հետաքննում էր նաև բանակային և բանտային խոշտանգումները, Ռուսաստանի պաշտպանության նախարարության և Չեչնիայում դաշնային զորքերի կոռուպցիոն գործարքները․․․

Պոլիտկովսկայայի նկատմամբ առաջին մահափորձը եղել է 2004 թվականին՝ Չեչնիայի նախկին նախագահի որդի, ապագա նախագահ Ռամզան Կադիրովի հետ հայտնի հարցազրույցից ամիսներ անց, ինչպես ընդունված է՝ ինքնաթիռում, «չնույնականացված տոքսինով»։ Թունավորման պահին նա ուղևորվում էր Բեսլան՝ դպրոցը գրաված զինյալների հետ բանակցությունների։ Նրա հետ էին բանակցում նաև «Նորդ Օստի» ահաբեկիչները․ մարդկանց ցուցակում, որոնց հետ զինյալները պատրաստ էին խոսել, նաև Աննա Պոլիտկովսկայան էր։

2006 թվականի հոկտեմբերի 7-ին (Վլադիմիր Պուտինի ծննդյան օրը) Պոլիտկովսկայային սպանել են իր տան վերելակում՝ 4 կրակոց, վերջինը՝ գլխին։ Սպանությունն իրականացնողները «բացահայտվել» և «դատապարտվել են», պատվիրատուները՝ ոչ։ Քննությունն անցած 15 տարիների ընթացքում զբաղված էր դեպի Չեչնիա և ФСБ-ի գրասենյակ տանող հետքերի ոչնչացմամբ՝ պնդում է «Նովայա Գազետան», որին նա թղթակցում էր։ Թերթը սեփական հետաքննությունն է արել, որը հրապարակել է այսօր, երբ լրանում է սպանության գործի վաղեմության ժամկետը։ Պատվիրատուներն այլևս չեն էլ որոնվում։

«Երբ հասկանամ, որ վերջ՝ էլ չեմ կարողանում, ուղղակի կթողնեմ լրագրությունը։ Այդքանը։ Բայց ես դեռ այստեղ եմ։ Ինձ թվում է, երկար ժամանակ ես ապրում էի ներքին զգացողությամբ, որ ահա՝ մի քիչ էլ, ու ավելի լավ կլինի, պատերազմը կավարտվի․․․ Երևի՝ կգնամ հանգստի։ Մտածում էի՝ պատերազմը կավարտվի, ու ես ավելի հանգիստ ապրելու իրավունք կստանամ։ Պարզվում էր, որ ամեն հաջորդ տարին ավելի բարդն էր, քան նախորդը։ Այնպիսի իրադարձություններ էին տեղի ունենում, որ թողնել լրագրությունը նշանակում էր դավաճանել։ Բացատրում եմ երեխաներիս, ասում եմ՝ հասկանո՞ւմ եք, ո՞նց թողնեմ։ Կստացվի, որ ես դավաճանում եմ այդ մարդկանց։ Գնալով ավելի քիչ թերթեր են գրում նրա մասին, ինչի մասին գրում եմ ես և իմ գործընկերները մեր թերթից․․․ Գնալ, դադարել աշխատել ուղղակի մեծ նվեր կլինի Կրեմլին։ Ինձ դեռ թվում է, որ գնալն ամոթ է, դա վատ արարք կլինի իմ կյանքում։ Կտակ եմ գրել։ Ու, մեծ հաշվով, կամաց-կամաց նախապատրաստում եմ երեխեքին, որ ցանկացած պահի կարող են նաև առանց ինձ մնալ։ Այդ առումով՝ նրանք բոլոր ցուցումներն արդեն ունեն», – Ռամզան Կադիրովի հետ հարցազրույցից հետո պատմում էր Պոլիտկովսկայան։

2009 թվականին սպանվել է նաև Կադիրովի հետ հանդիպման օրերին նրան ուղեկցող իրավապաշտպան Նատալյա Էստեմիրովան։

 «Центровой из Центороя»՝ Աննա Պոլիտկովսկայայի հարցազրույցը Ռամզան Կադիրովի հետ (այն մասին, ինչ տեղի ունեցավ պոստսովետական Ռուսաստանի հետ, որը նախ և առաջ Չեչնիայի մասին է, և մեզ հետ, որ մի քիչ նաև Ռուսաստանի մասին ենք)։