Համացանցում հայտնված աղմկահարույց տեսանյութերը, որոնցում երևում է, ինչպես են ոստիկանները մանկահասակ երեխաների աչքի առաջ՝ գետնին տապալելով, հայհոյելով բերման ենթարկում նրանց հորը, քաղաքապետարանի կարծիքով՝ չեն արտացոլում ողջ իրողությունը. տուժողի և նրա փաստաբանի հետագա մեկնաբանությունները քաղաքապետի խոսնակը մեծամասամբ հերքում է, մյուս մասը՝ ուղղակի թողնում «ծառայողական քննության»։
Երեք ամիս ժամանակ էինք տվել
Հոկտեմբերի 13-ին քաղաքապետը որոշում է կայացրել անհապաղ քանդել Երևանի ծայրամասային Կուրղինյան 3/15 հասցեում ապօրինի կառուցված շինությունը, որը պատկանում էր արհեստավոր Վազգեն Ռաֆայելյանին։ Որոշումը նույն օրը ի կատար է ածվել։ Ընթացքում՝ տեղի է ունեցել այն, ինչ մասամբ պատկերված է տեսանյութերում։
Երկու տեսանյութերն էլ հրապարակել է Վազգեն Ռաֆայելյանի փաստաբան Հասմիկ Մարտիրոսյանը։ Վերջինս ապամոնտաժումն ի սկզբանե ապօրինի է համարում. ասում է՝ գործընթացը պետք է սառեցվեր, քանի որ նախորդ որոշումը դեռ վիճարկվում էր վարչական դատարանում։ Նման հրատապությամբ շենքը քանդելու իրավունք համայնքային իշխանությունները, ըստ նրա, առհասարակ չունեին։
Epress.am-ի հետ զրույցում քաղաքապետարանի խոսնակը սա «վատատեղյակության հետևանք կամ հանրությանը մոլորության մեջ գցելու փորձ» է որակում։
«Շուրջ 3 ամիս առաջ քաղաքապետարանի գործընկերները գնացել, տեղում փորձել են ապամոնտաժել այս շինությունը։ Քաղաքացին [Վազգեն Ռաֆայելյանը] խնդրել է ժամանակ տրամադրել և հնարավորություն տալ՝ ապօրինի շինությունն ինքնուրույն քանդել, գույքն անվնաս դուրս բերել։ Նրան այդ հնարավորությունը տրվել է։ Բայց այս ժամանակը նա օգտագործել է ոչ թե խոստումը կատարելու համար, այլ հակառակը՝ շարունակել է շինարարությունը։ Ընթացքում, կարծես, փորձել է նաև որոշակի դատական պրոցես առաջ մղել, կասեցնել կամ հետաձգել որոշումը։
Քաղաքապետը հոկտեմբերի 13-ին որոշում է կայացրել անհապաղ քանդել այդ կառույցը՝ մասնավորապես այն հիմքով, որ շինության անվտանգությունը ապահովված չէ, սեյսմիկ առումով այն վտանգավոր է… Դա արձանագրվել է», – Epress.am-ին ասել է Հակոբ Կարապետյանը։
Պաշտոնյայի կարծիքով՝ որոշումը հիմնավորված էր, վարչական դատարանում ընթացող այն գործընթացի հետ, որը վկայակոչում է փաստաբանը, այն կապ չուներ։
Ոստիկանների անմեկնաբանելի պահվածքը
Հոկտեմբերի 13-ին՝ նույն օրը, ինչ ընդունվել է քաղաքապետի որոշումը, տարածք են գնացել քաղաքապետարանի աշխատակիցներն ու մի խումբ ոստիկաններ։ Վերջիններիս գործողություններին խոսնակը գնահատակ չի տալիս, բայց ակնարկում է՝ միջադեպից առաջ ինչ-որ բան է տեղի ունեցել։
«[Ապամոնտաժման] գործողությունը իրականացնելու ընթացքում քաղաքացին դրսևորել է հակահասարակական վարքագիծ, ագրեսիվ պահվածք, սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել օրենքի և համայնքի ներկայացուցիչների նկատմամբ, այդ թվում՝ նաև ոստիկանների… Մնացածը արդեն ոստիկանների գործողություններն են, որոնք ես չեմ կարող մեկնաբանել», – ասում է Կարապետյանը։
Վազգեն Ռաֆայելյանն ու նրա փաստաբանը այլ բան են պատմում։ Փաստաբանը ասում է, որ ոստիկանները հարբած էին։ Պաշտպանյալը պնդում է՝ «ոչ իրեն անշնորհք է պահել, ոչ հայհոյել է, ոչ ինչ-որ մի բան», «խոսացել, խնդրել, ժամանակ է ուզել», երեխաները հետն են եղել, երբ մոտեցել են ոստիկանները, մուտքի մոտ նրանք գրկից վերցրել են 5-ամյա որդուն, իրեն՝ քաշելով տարել այն կողմ, պարկեցրել գետնին, ծեծել, ձեռնաշղթաներ գծել… Երեխաները այդ ողջ ընթացքում բակում են եղել. փաստաբանի հրապարակած երկու կարճ տեսանյութերից մեկը պատկերում է՝ ինչպես են նրանք լացում, բարձր գոռում։
Երեխաները
Փաստաբանն նշում է նաև, որ ապամոնտաժողների գալու մասին իրենք իմացել են վերջին պահին։ Տղամարդը նրանց հանդիպել է՝ խանութից արհեստանոց վերադառնալուց հետո։ Ասում է՝ եթե նախօրոք ծանուցեին, չէր թողնի, որ երեխաները (տղան՝ 5, դուստրերը՝ 10 և 13 տարեկան) ներկա լինեն։
Հարցին՝ քաղաքապետարանն իսկապե՞ս չէր տեղեկացրել մարդկանց, որ կատարողներ են գալու, շենքը ապամոնտաժվելու է, քաղաքապետի խոսնակն անորոշ պատասխան է տալիս․ «Ինչպես ասացի՝ քաղաքացին արդեն ամիսներ շարունակ տեղեկացված է այդ մասին»։ Կոնկրետ այդ օրվա՝ հոկտեմբերի 13-ի մասին, ծանուցվել են, թե ոչ՝ Հակոբ Կարապետյանը հստակ չգիտեր։
Epress.am – Բայց, ի վերջո, երբ չի ծանուցվում և պարզվում է, որ այնտեղ նաև երեխաներ կան՝ դա լրիվ ուրիշ իրավիճակ է․․․
Քաղաքապետարանի խոսնակ – Երեխաների հանգամանքին ես չէի ուզենա մանրամասն անդրադառնալ, քանի որ ոստիկանությունում, ինչպես գիտեք, ծառայողական քննություն է նշանակված, օմբուդսմենն է որոշակի գործընթաց նախաձեռնել այդ ուղղությամբ։ Կարծում եմ՝ հանգամանքները կպարզվեն և գնահատականներ կտրվեն։
Կարող եմ ասել, որ քանդման նախերգանքը և բուն քանդման գործողությունը տևել է ավելի քան 2 ժամ։ Եվ երեխաները այդտեղից, այո, կարող էին հեռացվել և կարող էին այնտեղ չլինել։
– Փաստաբանն ասում է, որ այդ շինության մի փոքր մասում ապրում էր Ռաֆայելյանի ընտանիքը, երեխաները, մյուս մասն օգտագործվում էր որպես արհեստանոց․․․
– Դա բնակելի տարածք չէ։ Չեմ կարող ասել՝ փաստացի բնակվել են այդտեղ, թե ոչ։ Մենք, ամեն դեպքում, արձանագրել ենք, որ այդ տարածքը սեյսմիկ տեսանկյունից ուղղակի վտանգավոր է։ Այսինքն՝ բացի նրանից, որ այն հանրային զավթված հողի վրա էր կառուցված, ․․․այնտեղ բնակվելը կարող էր վտանգավոր լինել մարդկանց և առավել ևս երեխաների առողջության համար։ Ես չգիտեմ՝ իսկապես այդտեղ ապրել են, թե ոչ։ Բայց այդ շինությունը բնակարան չի եղել։ Ես ունեմ նաև որոշակի ապացույցներ՝ տեսանյութեր, լուսանկարաներ, որտեղ երևում է, որ դա ուղղակի փոքր խանութ է, որում պահեստամասեր են վաճառում․․․ Այդտեղ ապրելը ես դժվար եմ պատկերացնում։