Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները միասին բացել են Ֆիզուլիի նորակառույց օդանավակայանը։
Լեռնային Ղարաբաղին հարակից Ֆիզուլիի շրջանը Ադրբեջանի վերահսկողության ներքո է անցել 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում։ Պատերզմի ավարտից ամիսներ անց Իլհամ Ալիևը կարգադրել էր նոր միջազգային օդանավակայան կառուցել Ղարաբաղում։ Աէրոպորտը կառուցվել է 8 ամսվա ընթացքում։
Բացումը տեղի ունեցավ այսօր։ Արարողությանը մասնակցելու համար Թուրքիայից մեկօրյա այցով եկել էր նաև Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Ալիևն ու Էրդողանը միասին կտրել են օդանավակայանի մուտքի մոտ կապված «կարմիր ժապավենն» ու ցուցադրել«Ղարաբաղի օդային դարպասների խորհդանշող բանալին», գրում է «Թուրան» գործակալությունը։
Առաջին ուղևորա- և բեռնափոխադրումները Ֆիզուլիի օդանավակայանում տեղի են ունեցել այս տարվա սեպտեմբերի 5-ին՝ Բաքվից։ Ըստ «Թուրանի»՝ օդանավակայանին միջազգային կարգավիճակ է շնորհվել։
Օդանավակայանը 3000 մետր երկարությամբ և 60 մետր լայնությամբ թռիչքուղի ունի, կառամատույցի մակերեսը 60 000 քառակուսի մետր է, նախատեսված է 8 օդանավի կանգառի համար։
Եվս երկու օդանավակայան, ըստ Թուրանի, կառուցվում են Զանգելանում և Լաչինում (Լաչինի և Քելբաջարի շրջանների հատման վայրում)։