Նոյեմբերի 14-ին՝ ժամը 13.00-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագծի արևելյան տեղամասերից մեկում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները զրահատեխնիկայի աջակցությամբ ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք, ինչի հետևանքով Հայաստանի ԶՈՒ չորս մարտական դիրք հայտնվել էր շրջափակման մեջ:
Այս մասին քիչ առաջ հաղորդել է Հայաստանի Անվտանգության խորհուրդը։
«ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինտեխնիկան եւ զորքը բանակցությունների արդյունքում դուրս են եկել ՀՀ տարածքից, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դուրս են բերվել վերոնշյալ չորս մարտական դիրքերից: Այնուամենայնիվ՝ նշված հատվածում շարունակում են ծավալված մնալ դեռեւս ս/թ մայիսին ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինծառայողներ», – ասված է ԱԽ հայտարարության մեջ:
Ըստ աղբյուրի՝ լուրերը, թե ՀՀ ԶՈւ վերադաս հրամանատարության կամ քաղաքական իշխանության կողմից դիմադրություն ցույց չտալու հրաման է արձակվել՝ իրականությանը չեն համապատասխանում:
Անվտանգության խորհուրդը համապատասխան մարմիններին հանձնարարել է իրականացնել միջադեպի պատշաճ քննություն:
«Անվտանգության խորհուրդը Ռուսաստանի Դաշնության, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության եւ միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում Ադրբեջանի զինված ուժերի շարունակական ագրեսիվ գործողությունների վրա եւ ընդգծում, որ այդ գործողություններն ուղղված են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ տարածաշրջանային անվտանգության ու կայունության դեմ, ինչպես նաեւ հակասում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին»:
ԱԽ նիստ է հրավիրվել, պաշտոնանկ է արվել Պաշտպանության նախարարը
Քիչ առաջ հաղորդվել էր, որ այսօր՝ նոյեմբերի 15-ին, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ նիստ։
Ադրբեջանական ուժերը արևելյան տեղամասերից մեկում ներխուժել են Հայաստանի տարածք՝ նիստին հայտարարել է Փաշինյանը։
Ինչ հանգամանքներում և երբ է եղել առաջխաղացումը՝ չի նշվում։ ԱԽ-ում, ըստ վարչապետի, հարցը քննարկվում է դեռ երեկվանից, մի քանի հանդիպումներ և քննարկումներ են եղել, «այսօր նիստի նպատակը մեր քննարկումներն ամփոփելն է, նաև մեր հանրությանն ամբողջական տեղեկատվություն տալը տեղի ունեցած իրադարձությունների մասին»։
Վարչապետը նշել է, որ պաշտպանության նախարարի պաշտոնից Արշակ Կարապետյանին հեռացնելու և այդ պաշտոնում Սուրեն Պապիկյանին նշանակելու որոշումը կայացրել է «երեկվանից ծավալվող իրադարձությունների վերլուծության արդյունքում»:
Արդեն երկու օրն է՝ հայկական և ադրբեջանական կողմերը հաղորդում են սահմանին (մասնավորապես՝ Գեղարքունիք-Քելբաջար հատվածում) շարունակվող բախումների մասին։ Հայաստանը հայտնել է ադրբեջանական կողմի առաջխաղացման փորձի, Ադրբեջանը՝ հայկական կողմից գնդակոծությունների մասին։ Ադրբեջանցիների առաջխաղացման մասին լուրերին հայկական կողմը մինչ այս կամ չի անդրադարձել, կամ հերքել է դրանք։