Home / Շուկա / Մյանմայի զուգահեռ կառավարությունը կրիպտոն պաշտոնական արժույթ է ճանաչել

Մյանմայի զուգահեռ կառավարությունը կրիպտոն պաշտոնական արժույթ է ճանաչել

Մյանմայի Ազգային միասնության կառավարությունը (ԱՄԿ) հայտարարել է, որ կթույլատրի օգտագործել աշխարհի ամենամեծ ստաբիլքոյնը (Tether)՝ ռազմական կառավարության դեմ դիմադրությունը ֆինանսավորելու համար։

Ալ-Ջազիրայի փոխանցմամբ՝ ԱՄԿ պլանավորման, ֆինանսների և ներդրումների հարցերով նախարար Թին Թուն Նաինգը դեկտեմբերի 11-ին ֆեյսբուքի իր էջում գրել է, որ միասնության կառավարությունը պաշտոնապես կճանաչի Tether-ը, ինչը հնարավորություն կտա ավելի պաշտպանված և արագ գործարքներ իրականացնել:

ԱՄԿ ստվերային, խունտայի ժամանակավոր կառավարությանը զուգահեռ գործող կառույց է, որի կազմի մեջ են մտնում ժողովրդավարական ​​միավորումները և Մյանմայի քաղաքացիական վարչակազմի անդամները, որոնք իշխանությունից հեռացվել են տարվա սկզբին Մյանմայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման արդյունքում։ Ռազմական կառավարությունը օրենքից դուրս է հայտարարել ԱՄԿ-ն և այն անվանել «ահաբեկչական» շարժում:

Tether-ը կարող է փոխանցվել նույն ձևով, ինչ այլ կրիպտոարժույթները (օրինակ՝ Բիթքոյնը), ինչը շեշտակի բարդեցնում է (կառավարության կողմից) վճարումներին հետևելու կամ դրանք կանխելու հնարավորությունը:

Tether-ի փոխարժեքը պաշտոնապես կապված է ԱՄՆ դոլարի հետ և ի տարբերություն այլ կրիպտոարժույթների՝ մնում է կայուն:

Հեղաշրջումից ի վեր Մյանմայի բանկային և ֆինանսական համակարգը իրարարանցումների մեջ է․ ընդդիմադիր խմբերը փորձում են խեղդել իշխանությունը ամրապնդելու բանակի ջանքերը՝ խրախուսելով մարդկանց չվճարել հարկերը, միանալ բողոքի ցույցերին, քաղաքացիական անհնազանդության արշավին և բանակի հետ կապված բոյկոտներին։ Հեղաշրջմանը հաջորդած ամիսներին Մյանմայի բանկերը չունեին կանխիկ գումար, իսկ տեղական արժույթը՝ քյաթը, արժեզրկվել էր ավելի քան 60%-ով։