Վերջերս սոցիալական ցանցերով, մեյլերով, տարատեսակ կայքերով մարդկանցից խաբեությամբ գումար կորզելու դեպքերը, խարդախությունները շատացել են։
Փորձել ենք հավաքել ամենահայտնի օրինակները ու օգնել խուսափել խաբեության զոհ դառնալուց։
Մեսինջերով
Ներկայանալով որպես ID բանկի աշխատող ֆեյսբուքի ոմն օգտատերը (հիմնականում աղջկա անունով ու նկարով) առաջարկում է ձեզ դառնալ Իդրամի պրեմիում պլյուս և ID բանկի հաճախորդ, որից հետո բանկը իբրև թե որպես նվեր 4000 դրամ է ուղարկելու ձեր իդրամի հաշվին։
Վերցնում է ձեր հեռախոսահամարը, ինչից հետո վերիֆիկացիոն կոդ է գալիս ձեր համարին։ Վերիֆիկացիոն կոդը ստանալուց հետո տվյալ օգտատերը կարող է վարկ ձևակերպել ձեր անունով։
ID բանկի թվային բանկինգի տնօրեն Սերգեյ Առաքելյանն այս առնչությամբ ասում է, որ խաբեության ենթարկվելու դեպքում տուժողները պետք է անմիջապես արձագանքեն, քանի որ համակարգը հնարավորություն է ընձեռում ինչպես խաբողին, այնպես էլ հենց հաճախորդին, կատարել տվյալների վերականգնում:
«Եթե հաճախորդը գիտակցում է, որ ինչ-որ մի տվյալ է տվել, ապա անհապաղ պետք է փորձի իր բջջային հավելվածով կամ IDBanking.am կայքով վերականգնել իր գաղտնաբառերը, ինչի դեպքում իր բջջային համարին կստանա մեկանգամյա նույնականացման կոդ, որը մուտքագրելով, եթե նույնիսկ ինչ-որ մեկին հաջողվել էր այդ տվյալը վերականգնել, կկարողանա նորից հետ վերցնել իր մուտքի բանալիները: Ինչից հետո անմիջապես նա կարող է տեղեկացնել «Իդրամ» ընկերությանը կամ IDBank-ին, որպեսզի կարողանան օպերատիվ քայլեր ձեռնարկել՝ կանխելու հետագա հնարավոր խնդիրները»։
Հայփոստով
Գրում են այն դեպքում, երբ List.am-ում ունեք վաճառքի ենթակա որևէ ապրանք կամ գույք։
Ոմն գնորդ ռուսական համարով Whatsapp-ով նամակ է գրում ձեզ՝ List.am-ում տեղադրած ձեր ապրանքը ձեռքբերելու նպատակով։ Սկզբից մի քանի տվյալ է ճշտում ապրանքի հետ կապված և համաձայնվում պայմաններին։ Այնուհետև խնդրում է, որ ապրանքը փոխանցվի հայ փոստով՝ խոստանալով վճարել առաքման գումարը։
Ինչից հետո ուղարկում է «haypost.orderw.online» անունով կայքի հղում և ասում որ անցնեք հղումով՝ գումարը ստանալու համար։ Հղումը տանում է դեպի կեղծ կայք՝ պատրաստված Հայփոստի ոճով, շատ նման իրական կայքէջին։
Հաջորդ քայլով, գումարը ստանալու համար, կայքը պահանջում է բանկային քարտի լիարժեք տվյալներ (քարտի հետևում գրված 3 թվերը), որոնք բոլորովին պարտադիր չեն վճարում ստանալու համար, բայց լիովին բավարար՝ քարտի գումարը գողանալու համար։
View this post on Instagram
Մեյլով
Ոմն մեկը gmail-ով անգլերենով նամակ է գրում ձեզ՝ ասելով որ խոշոր չափի գումար է կտակել, որը չի կարող բանկից հանել իր երկրում՝ օրենսդրության պատճառով: Այսպիսով, նա խնամակալ է փնտրում, որպեսզի փոխանցի այդ գումարը խնամակալին և հետո վերցնի նրանից՝ կանխիկով։ Խոստանում է իր գումարի 25%-ը ձեզ թողնել՝ իրեն օգնելու համար։
Այնուհետև ձեզնից խնդրում է ձեր բանկային քարտի բոլոր տվյալները, որից հետո գումար է գողանում ձեր քարտից։
Խորհուրդ ենք տալիս՝
—Ուշադիր լինել կայքի հասցեին (domain)։
Վերը նշված օրինակում կեղծ հասցեն «haypost.orderw.online» է, մինչդեռ Հայփոստի պաշտոնական կայքի հասցեն haypost.am է։
—Հասկանալ՝ ինչ տվյալներ եք տրամադրում. բանկային քարտ, անձնագրի համար, անձնական որևէ այլ տվյալ, գաղտնաբառ, կոդ։
Վճարում ստանալու համար միայն քարտի համարը (քարտի դիմացի 16 թվերը) կամ հաշվեհամարն է հարկավոր փոխանցել։
—Ուսումնասիրել այն մարդու էջը, ով ձեզ գրում է։ Հաճախ շատ հեշտ է տարբերել ֆեյք օգտատիրոջը։
Օրինակ ID բանկի աշխատող հանդիսացող Անին իր ֆեյսբուքի բոլոր լուսանկարները հրապարակել է 2 օրվա ընթացքում՝ 2022թ․-ի ապրիլի 27-28-ը։
Իսկ gmail-ի դեպքում եթե ուշադրություն դարձնենք ոմն Elisa-ի էլեկտրոնային հասցեին, ապա կնկատենք, որ երկու տարբեր հասցեներից է գրել նամակները՝ [email protected] և [email protected]։ Գոյություն ունեն ժամանակավոր էլեկտրոնային հասցեներ ստեղծող կայքեր, որոնք կարող են անվերջ քանակի ֆեյք մեյլեր ստեղծել։
—Անվստահությամբ մոտենալ որևէ գործարք առցանց կապել ցանկացող մարդկանց։