Home / Հայաստան / Պետությունը չի ուզում որոշի արտիստի «ժողովրդականությունը»

Պետությունը չի ուզում որոշի արտիստի «ժողովրդականությունը»

ԿԳՄՍ նախարարությունը «ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծ է առաջարկել, որով՝ չեղարկվում է ՀՀ ժողովրդական արտիստի, ՀՀ ժողովրդական նկարչի, ՀՀ վաստա­կավոր արտիստի և ՀՀ վաստակավոր նկարչի պատվավոր կոչումները։

Մշակույթի ու արվեստի բնագավառի համար որպես վաստակի գնահատման չափանիշ առաջարկվում է պահպանել ՀՀ արվեստի վաստակավոր գործչի և ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչումները որոնք «առավել ընդգրկուն եզրույթներ են և ներառում են դաշտ ամբողջապես»։ 

ՀՀ ժողովրդական արտիստի, ՀՀ ժողովրդական նկարչի կոչման արժանացած արվեստագետները ստանում են 40 000 դրամ պարգևավճար:

ԿԳՄՍ նախարարությունը հիմնավորում է նախագիծը հետևյալով՝

— Որևէ արվեստագետի/մշակութային գործչի ժողովրդական լինելը չի կարող սահմանվել այս կամ այն փորձագիտական խմբի հայեցողությամբ: Չկան ժողովրդականության չափման օբյեկտիվ չափանիշներ և «ժողովրդական» կոչումն ունի զուտ բարոյական նշանակություն, արտացոլում է ստեղծագործողի ժողովրդականությունն ու հանրային ճանաչելիությունը, ինչը չի կարող վավերացվել որևէ մարմնի կողմից:

— Անորոշ սկզբունքներով վաստակավոր և ժողովրդական արտիստների պատվավոր կոչումների շնորհումը ուղղակիորեն խոչընդոտում է կադրային քաղաքականության վերափոխմանը: Տիտղոսները վարկանիշային անձեռնմխելիության դեր են կատարում, որ կանխում է տվյալ կառույցի տնօրենի անկաշկանդ, կադրային քաղաքականության և ստեղծագործական սերնդափոխություն իրականացնելու իրավունքն ու հնարավորությունը:

— Փորձը ցույց է տալիս, պատվավոր կոչումներն ունենում են բացասական ազդեցություն ինչպես առանձին կառույցների ներքին բարոյահոգեբանական մթնոլորտի, այնպես էլ մշակութային դաշտի բովանդակության վրա առհասարակ: Ձևավորվում են մրցակցային հարաբերություններ ոչ թե մասնագիտական տիրույթում, այլ`  նեղ միջանձնային հարթությունում:

— Քաղաքակիրթ և առաջատար մշակույթ ունեցող երկրներում չեն գործում արվեստագետի արժևորման նման ձևաչափեր: Նշյալ պատվավոր կոչումները սովետական մշակութային համակարգի վերապրուկներ են: