Չնայած ամենամսյա վճարումների, նախորդ եռամսյակում քաղաքացիներից շատերի կուտակային (կենսաթոշակային) հաշիվների մնացորդները էականորեն պակասել են։
Կուտակային կենսաթոշակային համակարգը արդեն մի քանի տարի է՝ պարտադիր է 1974 թվականից հետո ծնված բոլոր աշխատող քաղաքացիների համար։ Գործող կարգավորումներով, յուրաքանչյուր ամիս քաղաքացիների «կեղտոտ» աշխատավարձի 10 տոկոսն ուղղվում է կենսաթոշակային ֆոնդին․ դրա մի մասը վճարում է աշխատողը, մյուս մասը՝ պետությունը։
Կուտակային այս հաշիվները տնօրինվում են տարբեր ֆոնդերի կողմից՝ ներդրումներ են արվում, գումարը դրվում է շրջանառության մեջ, ինչը լրացուցիչ եկամուտ է բերում նաև քաղաքացիներին։ 2022 թվականի երկրորդ եռամսյակում, սակայն, հաշիվները տնօրինող ֆոնդերը մարդկանց համար ոչ թե լրացուցիչ եկամուտ են ապահովել, այլ՝ վնաս։
Ինչպես են մեր փողերը կառավարվում և ներդրվում
Հայաստանում կենսաթոշակային ֆոնդերի 2 կառավարիչ կա․ ենթադրվում է, որ տարբեր ոլորտներում տարբեր տեսակի ներդրումներ կատարելով՝ նրանք պետք է եկամուտ ապահովեն նաև քաղաքացիների համար, որոնց գումարները շրջանառում են։
Ընկերություններից յուրաքանչյուրը 3 տեսակի ֆոնդ է կառավարում՝ ցածր, միջին և բարձր ռիսկայնության։ Ցածր ռիսկայինության ֆոնդերը գումարները ներդնում են ֆիքսված եկամտաբերություն ունեցող գործիքներում՝ պետական կամ կորպորատիվ պարտատոմսերում, բանկային ավանդներում։ Միջին ռիսկայնության ֆոնդերի դեպքում գումարի մինչև 25 տոկոսի չափով ներդրումներ են կատարվում նաև բաժնեմասերում, որոնք ավելի շատ եկամուտ կարող են ապահովել, բայց ավելի մեծ ռիսկայնություն ունեն։ Բարձր ռիսկային ֆոնդների դեպքում նման ներդրումներ կարող են կատարվել գումարի արդեն մինչև 50 տոկոսի չափով։
Ըստ օրենքի, դրամական միջոցների առնվազն 60 տոկոսը ներդրվում է դրամով՝ Հայաստանում։ Մնացած 40 տոկոսով արդեն կարելի է ներդրումներ կատարել արտարժույթով, հիմնականում դոլարով՝ Միացյալ Նահագներում:
Դոլարի արժեզրկում, ֆինանսական տուրբուլենտություն
Ինչո՞վ է պայմանավորված կենսաթոշակային հաշիվների բալանսի նվազման միտումը։
Տնտեսագետ Էդգար Աղաբեկյանը «Հետք»-ի հետ զրույցում նշում է՝ քանի որ ֆոնդերի կառավարիչները մեր կուտակած գումարների 30-40%-ը ներդնում են արտասահմանում՝ տարատեսակ բաժնետոմսերում, հետևաբար այդ գումարները հաշվարկվում են դոլարով, իսկ մենք դրանք ստանում ենք դրամով։ Երկրորդ եռամսյակում դոլարը դրամի նկատմամբ էժանացել է շուրջ 20%-ով։ Այսինքն՝ միայն դրամի արժևորման արդյունքում մեր կուտակումները, որոնք արտասահմանից մեզ են վերադառնում դրամով հաշվարկած, 20%-ով արժեզրկվել են․ «Արտարժույթի ռիսկի ապահովման որևէ գործիք այսօր չկա Հայաաստանի կուտակային կենսաթոշակային համակարգում»։
Տնտեսագետ Նարեկ Կարապետյանն էլ «Ազատության» հետ զրույցում հիշեցնում է Հայաստանի պետական պարտատոսմերի, ինչպես նաև ամերիկյան ու եվրոպական պարտատոմսերի գների անկման մասին, որը սկսվել է դեռևս անցած տարվա կեսից։ Ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով էլ իջել են տարբեր ընկերությունների բաժնեմասերի գները։ Սա հանգեցրել է նաև կենսաթոշակային ֆոնդերի եկամտաբերության էական նվազման:
Ինչպես արդեն նշեցինք, Հայաստանի կենսաթոշակային ֆոնդերի միջոցների առնվազն 60%-ը ներդրվում է հայաստանյան դրամով։ Հաշվի առնելով ֆոնդային բորսայի թերզարգացվածությունը և մի շարք այլ հանգամամքներ, այս գործընթացքում հսկայական տեղ են զբաղեցնում պետական և բանկային պարտատոմսերը։ Համաճանարակի ժամանակ և պատերազմից հետո Հայաստանի Կենտրոնական բանկը մի քանի անգամ բարձրացրել է վերաֆինանասավորման տոկոսադրույքը, ինչի հետևանքով այդ պարտատոմսերի գներն ընկել են։
Անկումային վիճակ է նաև արտասահմանում ֆինանսական շուկաներում, ակտիվների արժեքները նվազել են։ Արժեզրկվել է անգամ լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը (ֆոնդային ցուցանիշ, որի զամբյուղում են ներառված ամենաշատ կապիտալիզացիա ունեցող 500 ամերիկյան բաժնետիրական կազմակերպությունները)․․․
«Հետքի» հետ զրույցում Աղաբեկյանի եզրակացրել է՝ օբյեկտիվ, թե սուբյեկտիվ պատճառներով, բայց ֆոնդի կառավարիչը հասել է բացասական եկամտաբերության։ Պետությո՛ւնն է քաղաքացուն պարտադրում միանալ կուտակային կենսաթոշակային համակարգին։ Հետևաբար, հարց է առաջանում՝ պարտավո՞ր է պետությունը քայլեր ձեռնարկել, երբ քաղաքացիներն իր պարտադրանքի արդյունքում տուժում են․ «Եթե պետությունը որոշի, որ կա իր մեղքի բաժինը և պետք է քաղաքացիներին փոխհատուցել, ապա այստեղ էլ է խնդիր առաջանում․ պետությունը դա պետք է անի բյուջեի հաշվին, այսինքն՝ հարկատուներից վերցնի ու տա կրկին հարկատուներին․․․»։
Հաշվի առնելով համաշխարհային շուկայի առկա վիճակը՝ կանխատեսումներ անել գրեթե հնարավոր չէ, ասում են տնտեսագետները։ Հետևաբար, հնարավոր չէ նաև հաստատապես ասել, թե կենսաթոշակային ֆոնդերից որի ընտրությունն այժմ ավելի ճիշտ կլինի։