Շաբաթ երեկոյան Ինդոնեզիայում՝ ֆուտբոլից հետո, տեղական երկու թիմերի երկրպագուների միջև բախումներ էին սկսվել։ Ոստիկանական գործողությունների հետևանքով մարզահամալիրում հսկայական հրմշտոց էր գոյացել․ պաշտոնական վերջին տվյալների համաձայն, զոհվել է 125 մարդ, այդ թվում՝ 32 երեխա։ Խոսվում է առնվազն 320 վիրավորների մասին։
Ինդոնեզիայի իշխանությունները հատուկ խումբ են ձևավորել՝ Մալանգ քաղաքի մարզահամալիրում (Արևելյան Ճավա պրովինցիա) տեղի ունեցած ողբերգությունը հետաքննելու համար։ BBC-ի հաղորդմամբ՝ ինդոնեզացիներից շատերը վստահ են, որ հենց ոստիկանների գործողություններն են հրահրել հրմշտոցը։
Ի սկզբանե հաղորդվում էր 120 զոհերի և 180 վիրավորների մասին։ Ավելի ուշ տեղական իշխանությունները տեղեկացրեցին, որ զոհերի թիվը հասել է 174-ի։ Վերջին տվյալներով, զոհերի թիվը 125 է, վիրավորներինը՝ 320․ տարբերությունը իշխանությունները բացատրել են նրանով, որ խառնաշփոթի մեջ զոհվածների մի մասին երկու անգամ են հաշվել։ Զոհվածներից 32-ը անչափահասներ են, ամենափոքրը 3-4 տարեկան էր։
Բախումները սկսվել են տեղական «Արեմա» և «Պերսեբայա» ֆուտբոլային ակումբների խաղից հետո (երկու հավաքականների միջև մրցակցությունը երկար պատմություն ունի)։ Խաղը ավարտվել է 3։2 հաշվով՝ ի օգուտ «Պերսեբայա»-ի։ Սուլիչից հետո «Արեմա»-ի երկրպագուները ճեղքել են պատնեշները և լցվել դաշտ։ Բախումներ են սկսվել։
Ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել լեփլեցուն տրիբունաներում․ մարդիկ ստիպված են եղել վազել դեպի դարպասներ, որտեղ, ականատեսների խոսքով, շատերը ոտքի տակ են ընկել և խեղդվել։
«Մենք ծխում էինք տրիբունայում, երբ դաշտում անկարգություններ սկսվեցին։ Որքան հիշում եմ՝ 14-րդ տրիբունայից ոչ ոք դեպի դաշտ չի վազել, բայց ոստիկանները արցունաբեր գազ են կիրառել նաև մեր նկատմամբ։ Մարդիկ փորձում էին փախչել, հրում էին իրար, շատերը զոհվեցին, այդ թվում՝ իմ հարսնացուն», – ականատեսներից մեկի խոսքերը մեջբերում է Euronews-ը։
Բժիշկների տվյալներով, 125 զոհերի մեծ մասը մահացել է շնչահեղձությունից։ Որոշները մահացել են գլխուղեղային վնասվածքներից։
Բախումները շարունակվել են նաև մարզահամալիրից դուրս․ առնվազն մի քանի ոստիկանական մեքենա է այրվել։ Իրավապահները հայտարարել են, թե երկու ոստիկան է սպանվել։
Մարզահամալիրում ներկաներից ողջ մնացածները ոստիկանությանը մեղադրում են անհամաչափ ուժ կիրառելու մեջ։ Ըստ նրանց, հենց ոստիկանների գործողությունների հետևանքով է սկսվել հրմշտոցը։
«Կանջուրուհան» համալիրի մոտ Ինդոնեզիայի բնակիչները արդեն երկու օր է՝ պիկետ են անում։ Ճավայում տեղի ունեցած ողբերգության մեջ նրանք մեղադրում են ոստիկաններին։ Ջակարտայի մարզահամալիրում հավաքված հարյուրավոր երկրպագուներ վանկարկում էին «Մարդասպաններ»։
Հաշվի առնելով բախումների վտանգը, «Պերսեբայա»-ի երկրպագուներին ավելի վաղ արգելվել էր տոմսեր գնել Մալանգայում տեղի ունենալիք խաղի համար։ Բայց, Ինդոնեզիայի անվտանգության նախարարի հաղորդմամբ, 38 հազար հոգանոց համալիրում անցած խաղի համար 42 հազար տոմս էր վաճառվել։ Ինդոնեզիայի ֆուտբոլի ֆեդերացիան մինչև խաղաշրջանի վերջ «Արեմա»-ին արգելել է տնային խաղեր անցկացել և տեղափոխել է առաջիկա խաղերը՝ առնվազն մեկ շաբաթով։
Զոհերի քանակով սա երրորդ ամենամահաբեր ֆուտբոլային բախումներն են։ Ավելի շատ զոհեր եղել են միայն 1964-ին՝ Լիմայում, և 2001-ին՝ Հանայում։ Լիմայում 1964-ին՝ Պերուի և Արգենտինայի հավաքականների խաղից հետո սկսված բախումների և հրմշտոցի ընթացքում 328 մարդ մահացել, հազարավոր մարդիկ՝ վիրավորվել էին։ 2001-ին Գանայում տեղական առաջնության խաղերից մեկի ժամանակ առնվազն 126 մարդ էր զոհվել։