Home / ԼԳԲՏ+ / Նոր կուսակցությունը կզբաղվի Վրաստանի բոլոր ճնշվածներով, եթե…

Նոր կուսակցությունը կզբաղվի Վրաստանի բոլոր ճնշվածներով, եթե…

Վրաստանում հիմնել են առաջին «քվիր-ֆեմինիստական» կուսակցությունը, որը, եվրոպական ավանդույթին համաձայն, կոչվում է «Կանաչներ»։ Կուսակցությունը ստեղծվել է հասարակական կազմակերպությունների հենքի վրա և խոստանում է ներկայացնել «կանանց և ճնշված խմբերին, հատկապես քվիրներին»1։

«Թավիսուփլեբա» ռադիոկայանի փոխանցմամբ, կուսակցության շնորհանդեսը տեղի է ունեցել նոյեմբերի 27-ին՝ թբիլիսյան «Մթքվարզե» ակումբում․ ընթացքում դրագ-շոու է եղել, վերջում՝ աֆթերփարթի։ «Կանաչների» նորաստեղծ կուսակցությունն այս պահին մոտ 100 անդամ ունի, մեծ մասը՝ երիտասարդ ակտիվիստներ և քաղհասարակության ներկայացուցիչներ։


շնորհանդես «Մթքվարզե» ակումբում, աղբյուր

Կուսակցության համահիմնադիրներից մեկը՝ 27-ամյա Թամար Ջակելին, կրթություն է ստացել ԱՄՆ-ում և Շվեդիայում։ Վրաստան է վերադարձել մոտ 5 ամիս առաջ, հավաստիացնում է, որ հավերժ։

«Կանաչների եվրոպական կուսակցությունները, որոնցից մենք ոգեշնչվում ենք, շատ առաջադեմ կուսակցություններ են՝ ֆեմինիստական, քվիր-մարդկանց բացահայտորեն աջակցող։ Վրաստանի Կանաչների կուսակցությանը, որը ֆորմալ մինչև հիմա գոյություն ունի, միշտ պակասել են առաջադեմ հայացքները։ Այն զուտ բնապահպանների կուսակցություն էր։ Մենք կարծում ենք, որ կուսակցությունը պետք է զբաղվի ինչպես բնապահպանական և կլիմայական խնդիրներով, այնպես էլ հավասարության հարցերով՝ կանանց, քվիր-մարդկանց, սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց իրավունքներ, էթնիկ և կրոնական փոքրամասնությունների պաշտպանություն, սոցիալական խնդիրներ», – ռադիոկայանի հետ զրույցում նշել է Ջակելին։

Կուսակցության կարգախոսն է՝ «Կանաչները հանուն հավասարության»։ Գործադիր մարմնի անդամներն են 27-ամյա Թամար Ջակելին, 33-ամյա Տորնիկե Կուսյանը, 35-ամյա Նինո Գոգոչուրին։


Թամար Ջակելին և գործադիր մարմնի մյուս անդամները, աղբյուր

Ջակելին հավաստիացրել է, որ իրենք «ձայն են տալու բոլոր ճնշվածներին»։ Աշխատավորներին կաջակցեն, եթե նրանք համերաշխություն ցուցաբերեն․

«Մեր թիրախ խումբը երիտասարդներն են՝ 16-ից 35 տարեկանները, կանայք և ճնշված խմբերը, հատկապես քվիր-մարդիկ․․․ Մենք կուզեինք աջակցել, օրինակ,  Ճիաթուրայի աշխատավորներին, որոնցից [պատասխան] համերաշխություն ենք ակնկալում։ Մենք կկարողանանք ներկայացնել նրանց և նրանց նման խմբերին, եթե իրենք կարողանան հաղթահարել հոմոֆոբիան»։

Գործադիր մարմնի անդամը վստահեցրել է՝ կուսակցությունը չի ֆինանսավորվում բիզնեսմենների կողմից, քաղաքական հովանավորություն չունի։

«Մինչ այս մենք հասարակական կազմակերպություն ենք եղել, ֆինանսավորում էինք ստանում Կանաչների շվեդական կուսակցության հիմնադրամից։ Այժմ, երբ մենք կուսակցություն ենք դարձել, հարկավոր է գտնել ֆինանսավորման այլ աղբյուրներ, դիմել մարդկանց նվիրատվություններին։ Մեզ, հավանաբար, ֆինանսավորելու են մեր ընտրողները։ Մենք գիտենք, որ կուսակցություն հիմնելով կորցնում ենք մեր ֆինանսավորման մեծ մասը․ հիմնադրամները, որոնք աջակցում էին մեզ, քաղաքական կուսակցություններին ֆինանսավորելու իրավունք չունեն։ Այսինքն՝ այս պահին մենք անում ենք ֆինանսական առումով մեզ համար անբարենպաստ մի քայլ», – նշել է Թամար Ջակելին։

Նոր «Կանաչները» մտադիր են մասնակցել 2024 թվականի խորհրդարանական ընտրություններին։ Մինչ այդ հույս ունեն, որ կկարողանան ֆինանսական միջոցներ ներգրավվել՝ փոքրիկ ընտրարշավ կազմակերպելու համար։

Վրաստանում այս պահին ավելի քան 250 գրանցված կուսակցություն կա։

___

1 Քվիր (queer) եզրույթն այս պարագայում օգտագործվում է որպես ոչ հետերոնորմատիվ սեռական/գենդերային ինքնությունների բնութագիր: