Խորապես անհանգստացած ենք վերջին բռնությունների և վանդալիզմի կապակցությամբ, որոնք ուղղված են Երուսաղեմի քրիստոնեական հաստատությունների, ներառյալ՝ Հայոց պատրիարքարանի ու Հին քաղաքի հայ բնակիչների դեմ, Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Վահան Հունանյանը։
Նախօրեին Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Հայր Աղան Գոգչեանը հայտարարել էր՝ հրեա ծայրահեղականները հարձակվել են Երուսաղեմի հայերի և Հայոց պատրիարքարանի վրա։
Ըստ նրա, հունվարի 28-ի ուշ երեկոյան երկու հրեա ծայրահեղականներ՝ Հայոց Պատրիարքարանի փողոցով «Լացի պատ» գնալիս, Հայոց Վանքի դիմաց նախ փորձել են խոչընդոտել երթևեկութեանը, ապա դուրս գալով ճանապարհից՝ հարվածել են աշխատանքից տուն վերադարձող հայ երիտասարդների ավտոմեքենային:
«Հայ երիտասարդները մեքենայից իջնելով քաղաքաւարի խօսել եւ հարցրել են. «Ինչո՞ւ էք հարուածում մեքենային, սա մեր թաղամասն է, մենք աշխատանքից տուն ենք վերադառնում: Մենք յարգում ենք հրեաներին ինչո՞ւ էք էսպիսի բաներ անում, մենք ձեզ ի՞նչ ենք արել»։ Հրեայ ծայրայեղականներից մէկը սկսել է բղաւել. «Դուք այստեղ թաղամաս չունէ՛ք: Սա մե՛ր երկիրն է, գնացէք մեր երկրից»։ Եւ երբ հայ երիտասարդները ասել են. «Սա նաեւ մե՛ր երկիրն է, մեր տունը այստե՛ղ է, մենք այստե՛ղ ենք ծնուել, ուրիշ տեղ չունենք գնալու», միւս ծայրայեղականը արցունքաբեր գազ է փչել հայ երիտասարդի աչքերին եւ երկուսով փախուստի են դիմել», – գրել է Գոգչեանը։
Ըստ դիվանագետի, հայ երիտասարդին ընկերը տեղափոխել է հիվանդանոց, հիվանդանոցից վերադառնալուց հետո նրանք բողոք են ներկայացրել ոստիկանություն։ Ոստիկանները հայտնաբերել են երկու հրեա ծայրահեղականներին և ձերբակալել նրանց․ նրանցից մեկին լուսաբացին ազատ են արձակել, արցունքաբեր գազ փչողը դեռ ձերբակալված է։
«Այս դէպքից մէկ ժամ անց հրեայ ծայրայեղականների մի ուրիշ խումբ՝ «Լացի պատ» գնալիս, անցնելով Պատրիարքարանի փողոցով փորձել է մագլցելով բարձրանալ Հայոց պատրիարքարանի տանիք եւ հանել պատրիարքարանի խաչակիր եւ Հայաստանի Հանրապետութեան դրօշները:
Այդ պահին վանքի դիմաց կանգնած հայ երիտասարդները նկատելով այդ՝ մօտեցել և արգելել են հրեայ ծայրայեղականների գործողութիւնները, վերջիններս փախել են և շուտով վերադարձել աւելի փոքր խմբով, այս անգամ դիմակաւրուած:
Դիմակաւոր ծայրայեղականները նորից փորձել են կռիւ հրահրել, հայ երիտասարդների ուղղութեամբ օդում արցունքաբեր գազ են փչել, հայհոյել հայերին եւ փախել ոստիկանութեան ուղղութեամբ: Հայ երիտասարդները հետապնդել են նրանց, եւ երբ վերջիններս տեսել են, որ հայերը հետապնդում են իրենց՝ բղաւել են. «Տեռորիստական յարձակո՜ւմ, տեռորիստական յարձակո՜ւմ»:
Ոստիկանները կարծելով, որ հրեայ ծայրայեղականների բղաւոցները ճիշտ են՝ փակել են հայ երիտասարդների ճանապարհը, զէնքերը պահելով նրանց վրայ՝ ծեծի են ենթարկել մի քանիսին, եւ նրանցից Գևորգ Քահկէճեանին ձերբակալելով՝ տարել են ոստիկանութիւն, այն մեղադրանքով թէ վերջինս յարձակուել է ոստիկանի վրայ, որը իրականութեան հետ աղերս չունի», – նշել է Հայր Աղան Գոգչեանը։
Գէորգ Քահկէճեանին, ըստ նրա, մի գիշեր պահել են ոստիկանութիւնում, հաջորդ օրը՝ հունվարի 29-ի կեսօրից հետո հետո, «Նորին Ամենապատուութիւն Տ. Նուրհան Արքեպիսկոպոս Մանուկեան Պատրիարք Սրբազան Հօր անմիջական միջամտութեամբ եւ դատարանի որոշմամբ» նրան ազատ են արձակել և տվել 20-օրյա տնային կալանք:
«Քանի որ Գէորգ Քահկէճեանը ունի մարմնական վնասուածքներ, վանքի փաստաբանի միջնորդութեամբ ոստիկանութիւնը թոյլ է տուել, որ վերջինս բժշկական հետազօտութիւն անցնի»։
Ավելի վաղ Երուսաղեմի հայոց պատրիարքարանից հաստատել էին, որ հրեա ծայրահեղականները հարձակվել են նաև հայկական ռեստորանի վրա: Սոցիալական ցանցերում Երուսաղեմի հայկական Taboon Wine Bar ռեստորանում տեղի ունեցած միջադեպից նաև տեսանյութեր էին տարածվում։
https://twitter.com/lio___m/status/1618968462591950850
Պատրիարքարանի դիվանագետ Աղան աբեղա Գոգչեանը պատմել է, որ հրեա ծայրահեղականները փորձել են գնալ «Լացի պատ»-ի մոտ։ Երբ հիմնական ճանապարհով չի ստացվել, անցել են այն ճանապարհով, որտեղ գտնվում է հայկական ռեստորանը։
«Ռեստորանում նստած են եղել հայեր, արաբներ, նաև հրեաներ: Ծայրահեղականները ռեստորանի աշխատակիցներին հրահրիչ խոսքեր են ասել, վանկարկել են «մահ քրիստոնյաներին», «մահ արաբներին» և նմանատիպ սադրիչ արտահայտություններ են թույլ տվել, ինչից հետո էլ խնդիրը ծագել է: Այդ հրահրիչ խոսքերից հետո սկսել են միմյանց վրա աթոռներ նետել։
Ռեստորանում նստած մարդիկ առանց վճարելու հեռացել են, սակայն հետո զանգել են ռեստորանի սեփականատեր Միհրան Գրիգորյանին, աջակցություն են հայտնել նրան և խոստացել են վերադառնալ ու վճարել», – մանրամասնել է հոգևորականը:
Գոգչեանը նաև նշել է, որ Երուսաղեմի քրիստոնեական համայնքները որոշել են միջադեպի վայրում բողոքի ակցիա անցկացնել և այդպիսով իրենց աջակցությունը հայտնել ռեստորանատիրոջը: