Home / Բնապահպանություն / Ստվերի դեմ պայքար․ քաղաքի ծառերը կտրում են

Ստվերի դեմ պայքար․ քաղաքի ծառերը կտրում են

Երևանի քաղաքապետարանը որոշել է կտրել կենտրոնական փողոցները շրջանակող հին ծառերը։ Հատման աշխատանքները մեկնարկել են Կասկադից և կշարունակվեն քաղաքի այլ հատվածներում։ Քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ի աշխատակիցները երեկ արմատախիլ են արել Թամանյանի արձանի դիմացի բոլոր հացենիները և թեղիները։ ՊՈԱԿ-ի ղեկավարը ասում էր՝ դրանց տեղը դեկորատիվ սակուրաներ են տնկելու՝ «գեղազարդ և արժեքավոր»։

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՊՈԱԿ-ի ղեկավարն արդարանում է՝ իրենք նախօրոք գիտաժողով են հրավիրել, գիտնականներն էլ ասել են, որ Երևանի ծառերի գրեթե կեսը «ծերացած են և մոտ են ֆունկցիոնալության ավարտին»։ Բայց Կասկադում հատվել են նաև առողջ ծառերը։

Արմեն Բեգոյանը դա հիմնավորում է հետևյալ կերպ․

«Այս դեպքում ակցենտը դրված է ավելի գեղատեսիլության վրա։

Ամեն ինչ հաշվի է առնված։ Այստեղ է գտնվում մեր Թամանյանի արձանը, ինքը՝ Թամանյանը, քաղաքը պատկերացնում էր Վարդագույն Երևան, և այստեղ տնկվում են այնպիսի ծառեր, որոնք ծաղկման սեզոնին վարդագույն են։

Մոսկովյան փողոցն ամբողջը կպատենք սակուրաներով»։

Քաղաքապետարանի չինովնիկը կարծում է, որ «երկար սպասված» իրենց նախաձեռնության քննադատությունը հակագիտական է։ «Գիտնականներն», ըստ նրա, արդեն ասել են՝ 70-ից 100 տարեկան այս ծառերը մոտ են իրենց կենսունակության ավարտվին և պետք է վերացվեն։ Ծառերը կփոխարինվեն 10 տարեկան 46 տնկիներով, որոնք ապագայում վերածվելու են «գեղազարդ» դեկորտաիվ թփերի։ Ավելի քան 2 հազար թանկարժեք տնկիներ են գնվել և ներկրվել Նիդերլանդներից։ Քաղաքային բյուջեից դուրս են գրվել հսկայական գումարներ։

(Երևանի քաղաքապետարանի պատկերացրած «գեղատեսիլությունը»՝ տե՛ս ՊՈԱԿ-ի տեսահոլովակում)

Իսկ ի՞նչ են ամառային շոգերին անելու երևացնիները, որոնց քաղաքապետարանը որոշել է զրկել նաև ստվերից։

«Այստեղ տնկված են հացենիներ և թեղիներ։ Դրանք բանվոր ծառատեսակներ են։ Այստեղ մենք ունենք փողոց, որտեղ մարդիկ կանգնում են, տրանսպորտ են սպասում, քայլում են․․․

Առաջին նախապայմանը, որ պետք է լիներ, մեծ ստվերային ծածկն է։ Այստեղ պետք է լինեն ծառեր, որոնք ստվեր են ապահովում, փոշին և արտանետումներն են կլանում։ Երկու շաբաթ առաջ Երևանում փոշու մակարդակը 22 անգամ գերազանցում էր սահմանային թույլատրելի խտությունը։

Հիմա մտածել դեկորի մասի՞ն, երբ բոլոր կողմերից շինարարություն է, ահավոր մեծ քանակի տրանսպորտ է, և կանաչապատումը գործիքներից մեկն է, որ կարող է բարելավել էկոլոգիական պայմանները։ Սակուրան բացարձակապես չի համապատասխանում փողոցային կանաչապատման համար», – ասում էր ավագանու անդամ, Բժշկական համալսարանի հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի դոցենտ Քրիտսինա Վարդանյանը։

Վարդանյանը դեմ է ոչ թե ծառերի փոխարինմանը, այլ ընտրված մեթոդաբանությանը՝ զանգվածային և միանգամից հատումներին, և փոխարինվելիք ծառատեսակներին․ «Սա փոքրիկ այգիների բույս է՝ պատվաստված տեսակ, որը օգտագործվում է դեկորատիվ էֆեկտներ ստանալու համար։ Այն ոչ մի խնդիր չի լուծելու»։

Վարդանյանը և մոտ 10 քաղաքացիներ երեկ երեկոյան հավաքվել էին Կասկադի մոտ, որտեղ քաղաքապետարանը ծառեր էր հատում։ Այնտեղ էին նաև պատասխանատու ՊՈԱԿ-ի պաշտոնյաները։

Քիչ անց ծառայողական մեքենաներով Կասկադ ժամանեց Երևանի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու, գործող փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ մի խումբ չինովնիկների հետ։ Քարոզարշավի շրջանակներում Ավինյանը ինտերվյու տվեց (այն մասին, որ ծառահատումը լավ բան է, քանի որ այդպես են ասել գիտնականները), շրջեց, լուսանկարվեց և հեռացավ։

Epress.am-ը զրուցել է Կասկադում հերթապահող ՊՈԱԿ-ականի և անցորդների հետ․