Րոպեներ առաջ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) քվեարկությամբ դադարեցրել է Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները: Նախաձեռնությունը գերմանացի, սոցիալ-դեմոկրատ Ֆրանկ Շվաբեինն էր։ Վեհաժողովի կողմից ընդունված որոշմամբ Ադրբեջանի պատվիրակությունն առնվազն 1 տարով հեռացվել է ԵԽԽՎ-ից, հայտարարվել է, որ նշված ժամանակահատվածում պատվիրակությունը կարող է վերադառնալ միայն իր կանոնակարգային պարտավորությունները կատարելու դեպքում։
Որոշման մեջ ԵԽԽՎ-ն վկայակոչել է 2023 թվականի հունիսին ընդունած՝ Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի ապահովման մասին իր բանաձևը։ Ադրբեջանական երկարամսյա շրջափակումը Լեռնային Ղարաբաղում հանգեցրել էր լուրջ հումանիտար ճգնաժամի, Բաքուն հերքել էր ոչ միայն հետևանքները, այլև շրջափակման փաստն ինքնին։ Վեհաժողովի բանաձևը անտեսվել էր Ադրբեջանի կառավարության կողմից։
ԵԽԽՎ-ն այսօրվա իր որոշման մեջ խորը ափսոսանք է հայտնել, որ փաստահավաք առաքելության շրջանակներում ԵԽԽՎ զեկուցողը զրկվել է նույնիսկ Լաչին մեկնելու հնարավորությունից։ Ավելի վաղ գերմանացի պատվիրակը մանրամասնել էր՝ զեկուցողներն անցած տարի առնվազն երեք անգամ փորձել են և չեն կարողացել այցելել արգելափակված միջանցք։
Վեհաժողովը հիշատակել է նաև 2023-ի հոկտեմբերին ընդունած՝ «Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում» բանաձևը, որով դատապարտել էր Ադրբեջանի սեպտեմբերյան հարձակումը և արձանագրել, որ այն հանգեցրել է Լեռնային Ղարաբաղի ողջ հայ բնակչության փախուստին՝ հարուցելով էթնիկ զտումների կասկածներ։ Հոկտեմբերին ընդունած բանաձևում Վեհաժողովը զգուշացրել էր՝ եթե Ադրբեջանը շարունակի չկատարել իր կանոնադրական պարտավորությունները, հունվարին ԵԽԽՎ-ն չի վավերացնի ադրբեջանական պատվիրակության լիազորությունները։
Խորհրդարանական վեհաժողովը հավելել է՝ Եվրախորհրդին միանալուց ավելի քան 20 տարի անց Ադրբեջանը չի կատարել կազմակերպության անդամակցությունից բխող հիմնական պարտավորությունները, լուրջ մտահոգություններ կան Ադրբեջանում ազատ և արդար ընտրություններ անցկացնելու կարողության, իշխանությունների բաժանման, գործադիրի համեմատ օրենսդիր իշխանության թուլության, դատական իշխանության անկախության և մարդու իրավունքների պաշտպանության առնչությամբ։
Վեհաժողովը ափսոսանք է հայտնել, որ չի հրավիրվել հետևելու Ադրբեջանի գալիք արտահերթ նախագահական ընտրություններին՝ չնայած Ադրբեջանը, որպես մոնիթորինգի ենթակա երկիր, ունի հրավերը ուղարկելու պարտավորություն։
«Սա համագործակցության բոլոր կանոնների հստակ և աններելի խախտում է, ինչպես նաև փորձ՝ խարխլելու Եվրոպայի խորհուրդը», – նախաձեռնությունը ներկայացնելիս ասել է գերմանացի պատվիրակը։
Վեհաժողովը մտահոգություն է հայտնել նաև այն կապակցությամբ, որ Մոնիտորինգային կոմիտեի համազեկուցողներին թույլ չի տրվել հանդիպել քաղաքական դրդապատճառներով մեղադրվող կամ ձերբակալված անձանց հետ։
Խոսքը, հավանաբար, լրտեսության կամ դավաճանության մեղադրանքներով ձերբակալված հարյուրավոր հավատավորների և վերջին ամիսների ընթացքում ձերբակալված լրագրողների մասին է։ Վերջիններիս Ադրբեջանի իրավապահ մարմինները փողերի մաքսանենգություն են մեղսագրում, պրոպագանդիստական մեքենան մեղադրում է Միացյալ Նահանգներից հովանավորվելու մեջ։
նախահարձակ ինքնահեռացում
Նախքան լիագումար նիստի մեկնարկելը՝ ադրբեջանական պատվիրակությունն Ստրասբուրգում հանդես է եկել հայտարարությամբ և հոժարակամ դադարեցրել իր համագործակցությունը այս կառույցի հետ։
«Այս որոշումը կայացվում է Վեհաժողովում տիրող այլատյացության, ադրբեջանատյացության և իսլամատյացության անտանելի մթնոլորտի պատճառով», – հայտարարել է Ադրբեջանի պատվիրակությունը։
ԵԽԽՎ որոշումն ու Ադրբեջանի պատվիրակության՝ նախահարձակ ինքնահեռացումը տեղի են ունենում Բաքվի և Արևմուտքի միջև հարաբերությունների սրման, Բաքվի և Մոսկվայի միջև աննախադեպ մերձեցման ֆոնին։ Ադրբեջանը վերջին ամիսներին հրաժարվում է մասնակցել արևմտյան հարթակներում կազմակերպված՝ հայ-ադրբեջանական բանակցություններին, հրապարակավ քննադատում է Ֆրանսիային, սպառնում՝ Միացյալ Նահանգներին։
Խավիարային դիվանագիտություն
ԵԽԽՎ-ի և Ադրբեջանի հարաբերությունները նախկինում նշանավորվել են «խավիարային դիվանագիտության» շուրջ հետաքննություններով՝ 2012 և 2016 թվականներին հրապարակված զեկույցներում «Կայունության եվրոպական նախաձեռնությունը» փաստեր է ներկայացրել այն մասին, որ Բաքուն երկար տարիներ կաշառել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 10-ից 12 անդամներին։
Հետաքննությունում նշվել է՝ Ադրբեջանի «խավիարային դիվանագիտությունը» մեկնարկել է 2001 թվականին, երբ երկիրը դարձել է Եվրոպայի խորհրդի անդամ, և իր գագաթնակետին է հասել 2005 թվականին, երբ ավարտվել է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի կառուցումը: Դրանից հետո Ադրբեջանը «սկսել է լողալ նավթային եկամուտների մեջ»: