Պաշտոնական վարկածի համաձայն՝ Վլադիկավկազի 65-ամյա բնակիչը մահացել է կերակրափողի սուր այրվածքից, որն առաջացել է «Ջերմուկ» հանքային ջրի շշից մի կում անելուց հետո։ Դեպքի մասին տելեգրամյան իր ալիքում գրել է Հյուսիսային Օսիայի ղեկավար Սերգեյ Մենյայլոն։
«Ցավոք, տղամարդը, որը նախօրեին կերակրափողի այրվածք էր ստացել հանքային ջրի շշի մեջ պարունակվող հեղուկից, մահացել է հիվանդանոցում։ ․․․Իրավապահ մարմիններն ու Ռոսկոմնադզորը շարունակում են պարզել տեղի ունեցածի հանգամանքները», – փետրվարի 13-ին գրել է Մենյայլոն։
Ըստ պաշտոնյայի՝ «Ջերմուկի» այդ շշում հանքային ջրի փոխարեն քացախաթթու է եղել։ Ջերմուկից հերքել են՝ նման բան հնարավոր չէ։
Ռուսական Ռոսկոմնադզորը արդեն կասեցրել է «Ջերմուկի» խմբաքանակի վաճառքը։ «Այս խմբաքանակից 2 միլիոն 480 հազար 56 շիշ վաճառքի էր հանված երկրի 84 ռեգիոններում», – ասել է Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոնի փոխտնօրեն Ռևազ Յուսուպովը։
Վաճառքի արգելքը տարածվում է 0.5 լիտրանոց «Ջերմուկի» շշերի վրա, որոնք Ռուսաստանի Դաշնություն են ներմուծվել 2023 թվականի դեկտեմբերի 28-ից մինչև 2024 թվականի փետրվարի 12-ը՝ 2023 թվականի դեկտեմբերի 28-ի արտադրության ժամկետով:
Հայկական Jermuk Group-ը հրքել է հանքային ջրի շշում քացախաթթվի կամ այլ կողմնակի նյութի առկայության հավանականությունը։ Իր հայտարարության մեջ ընկերությունը շեշտել է՝ արտադրական պրոցեսն ամբողջությամբ ավտոմատիզացված է, չի կարող առանձին մի շշում կամ մի քանի շշերի մեջ քացախ հայտնվել։
«Ջերմուկ» հանքային ջրի՝ 2023 թվականի դեկտեմբերի 28-ի LA28J խմբաքանակի նմուշի ֆիզիկական, քիմիական և մանրէաբանական հետազոտությունները փաստում են, որ այն համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին՝ հայտարարել է «Ջերմուկ Գրուպ» ընկերությունը։ «Ջերմուկն» արտադրության մեջ քացախաթթու ընդհանրապես չի օգտագործվում: Արտադրության մեջ օգտագործվող նյութերը և «Ջերմուկ» հանքային ջրի բաղադրությունը չեն կարող առաջացնել այրվածք՝ շեշտում է ընկերությունը՝ կից ներկայացնելով տվյալ խմբաքանակի հետազոտության արձանագրության պատճենը և համոզմունք հայտնելով, որ իրավասու մարմինների կողմից կիրականացվի դեպքի օբյեկտիվ ուսումնասիրություն, ինչը կբացառի կապը «Ջերմուկ» հանքային ջրի և տվյալ դեպքի միջև:
Տեղի ունեցածը մեկնաբանել է նաև Հայաստանի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ)։
23 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունից արտահանված հանքային ջրից թունավորման թեկուզև մեկ դեպք չի արձանագրվել, ուստի խիստ տարօրինակ է, արտադրության ընթացքի մեջ որևէ բացասական տեղաշարժ չլինելու պայմաններում, «Ջերմուկ» հանքային ջրի առանձին խմբաքանակների վաճառքը դադարեցնելու մասին հնչեցված որոշումը՝ նշել է գերատեսչությունը։
«Հանքային ջրի արտադրական գործընթացն ամբողջությամբ ավտոմատացված փակ շրջափուլ է, և շշի մեջ քացախի առկայությունն ուղղակի հակասում է ավտոմատացված արտադրական գործընթացի սկզբունքին և կազմակերպմանը: Պատրաստի արտադրանքի նվազագույն քանակը 1200 շիշ է, ուստի, վերը նշված չափանիշների անհամապատասխանությունն առնվազն այդքան շշում պետք է դրսևորվեր», – ասվում է հայտարարության մեջ։
ՍԱՏՄ-ից ավելի վաղ ասել էին, որ մամուլից են տեղեկացել դեպքի մասին: Ռուսական կողմը պաշտոնապես դեռ հայկական կողմին չէր դիմել փորձաքննություն անցկացնելու հարցով:
Հիշեցնենք, որ 2006 թվականին՝ ռուս-վրացական հարաբերությունների սրման ֆոնին, Ռուսաստանը արգելել էր վրացական գինիների և «Բորժոմի» հանքային ջրերի ներմուծումը Ռուսաստանի Դաշնության տարածք։ Հայտարարվել էր, թե վրացական արտադրանքը չի համապատասխանում սննդամթերքի անվտանգության ռուսական չափանիշներին։ Վրացական գինիները ռուսական շուկայի մոտ 10 տոկոսն էին զբաղեցնում, այն ժամանակ Վրաստանից արտահանվող գինու մոտ 80 տոկոսը բաժին էր հասնում հենց Ռուսաստանին։ Վրաստանի գյուղատնտեսության նախարարը հայտարարել էր, թե արգելքի պատճառով վրացի արտադրողները տասնյակ միլիոնավոր դոլարների կորուստներ են կրել։