Ալավերդի քաղաքի մի քանի թաղամասեր և համայնքի մի քանի բնակավայրեր շարունակում են արգելափակված մնալ։ Աղետի գոտում կա չորս զոհ, տարհանվել է 429 բնակիչ, փլվել է ընդհանուր առմամբ 17 կամուրջ։ Այս պահին արգելափակված են Ախթալա, Փոքր Այրում, Մեծ Այրում, Շամլուղ, Բենդիկ, Ճոճկան բնակավայրերը։ Շնող, Թեղուտ բնակավայրերում գործում է Արճիս-Նոյեմբերյան շրջանցիկ ճանապարհը։ Քարկոփ բնակավայրի բնակիչներն ամբողջությամբ տարհանվել են։
Կամուրջների փլվածքի պատճառով Ալավերդու Կամչատկա թաղամասը շարունակվում է ամբողջովին արգելափակված մնալ, այնտեղ հոսանք չկա, գազամատակարարումը դադարեցված է։ Դեբեդ թաղամասն անցանելի է հետիոտների համար, մեքենաների երթևեկությունը մասամբ սահմանափակված է։ Դեբեդում, բացի էլեկտրաէներգիայի ու գազի բացակայությունից, կա նաև խմելու ջրի խնդիր։
Լոռվաբնակ քաղաքագետ Սամվել Մելիքսեթյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է, որ Ախթալա, Շամլուղ, Ճոճկան, Մեծ ու Փոքր Այրում գյուղերը լրիվ անկլավացած են ու երկարաձգվելու դեպքում կլինի հացի և մաքուր ջրի պակաս։
«Այնտեղ կա գրունտային ճանապարհ Վրաստանի կողմից ու գուցե կարիք լինի դիմել վրացական կողմին՝ ժամանակավորապես ինչ-որ լուծումներ գտնելու համար, քանի որ մյուս գրունտային ճանապարհը՝ Մադան-Շամլուղը, շատ անմխիթար վիճակում է։
Այդ բնակավայրերի հետ կապը վերականգնելու համար նաև ժամանակավոր երկու կամուրջներ են պետք», – գրել է Մելիքսեթյանը։
Ըստ նրա՝ Ձորագետ ՀԷԿ-ի մոտ քանդված միջպետական ճանապարհի հատվածը վերականգնելը ամիսներ է տևելու և Վրաստանի սահման հասնելու համար պետք է օգտվել Օձուն-Ստեփանավան կամ Նոյեմբերյան-Իջևան ճանապարհներից։
«Գուցե փլուզումներ լինեն նաև ճանապարհի ջրի տակ անցած հատվածներում։ Ոնց հասկանում եմ ու ամենավատը էն ա, որ հատկապես Ալավերդիի հատվածում նաև անհետ կորածներ կան», – գրել է նա։
Լրագրող Հրաչյա Պապինյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Աթոռիկ ռեստորանի անհետ կորած համարվող պահակը գտնվել է՝ «ողջ և առողջ է»: Նա նաև գրել է, որ Դեբեդի մակարդակն իջել է։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Ազատությանն ասել է, որ այս պահին ընթանում են ափապաշտպան աշխատանքներ, փորձ է արվում վերականգնել կապը կտրված բնակավայրերի հետ։
«Ընդհանուր առմամբ խնդիր կա յոթ բնակավայրերի հետ։ Մի մասը գետի աջ ափին են, մի մասը՝ ձախ։ Փորձում ենք կապը պահել դաշտամիջյան ճանապարհներով։ Տեխնիկա ենք տեղափոխում, որ դաշտային ճանապարհը մի քիչ բարեկարգենք, որ կարիքների դեպքում հեշտ սնունդ և առաջին անհրաժեշտության իրեր տեղափոխենք։ Կան բնակավայրեր և որոշ թաղամասեր, որտեղ դեռ էլեկտրաէներգիա չկա», – ասել է նախարարը։
տես նաև՝ Ջրհեղեղ Լոռիում